Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում 84:65 հաշվով առավելության հասնելով Ալբանիայի նկատմամբ: Այս պահին Հայաստանի հավաքականը 5 միավորով գլխավորում է B ենթախումբը: Երկրորդ տեղում գտնվող Դանիան ունի 4, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակող Ալբանիան՝ 3 միավոր:
Մեր հավաքականն ընթացիկ շրջափուլում հանդես եկավ առանց ամերիկացի խաղարկող Ռայան Բոաթրայթի: Վերջինս գլխավոր մարզիչ Նիշկա Բավցևիչի և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի որոշմամբ այլևս չի խաղալու մեր ազգային թիմում: Շատերը մտավախություն ունեին, որ առանց ամերիկացու Հայաստանի հավաքականը չի կարողանա արդյունավետ խաղ ցուցադրել: Հիշեցնենք, որ շարունակ իր վրա վերցնելով խաղը՝ Բոաթրայթը բարձր միավորներ էր վաստակում, և թվում էր, թե հենց նրա շնորհիվ ենք հաղթում: Թե՛ Նիշկա Բավցևիչը և թե՛ մեր հավաքականի բասկետբոլիստները երեկ ապացուցեցին, որ կայացած, մարտունակ կոլեկտիվ են: Բոլորը համոզվեցին, որ Հայաստանի հավաքականի խաղը կախված չէ մեկ խաղացողից: Կարճ ժամանակահատվածում Բավցևիչին հաջողվել էր կառուցել խաղը և ստիպել խաղացողներին ցուցադրել թիմային բասկետբոլ: Ալբանիայի դեմ աշխատեց ամբողջ թիմը: Երբ խաղահրապարակում էր Բոաթրայթը, շատ բասկետբոլիստներ կտրվում էին խաղից՝ չկարողանալով գտնել իրենց դիրքը:
«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում հանդիսատեսին, որի աջակցությունն անգնահատելի էր: Կարծում եմ՝ սա Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ամենամարդաշատ հանդիպումն էր: Շնորհակալություն եմ հայտնում նաև տղաներին. նրանք լավ խաղացին և դրսևորեցին կամք: Ալբանիայի հետ խաղին լավ էինք նախապատրաստվել՝ անցկացնելով արդյունավետ աշխատանքային շաբաթ: Արդեն նշել էի, որ թիմում հիանալի մթնոլորտ է: Մենք զգալի առավելություն ունեինք մրցակցի նկատմամբ: Մեր խաղացողները ներդրեցին առավելագույնը: Մենք հաղթեցինք առանց Ալբերտ Թադևոսյանի, որն առանցքային խաղացող է մեզ համար: Նրա բացը լրացրեցինք նվիրվածությամբ և հաղթանակի մեծ ձգտումով: Մենք ուսումնասիրել էինք մրցակցին, և այդ հարցում ինձ օգնեցին տղաները: Խմբային փուլի վերջին խաղում, բացի Սփայթ Մկրտչյանից, մեզ հետ կլինի նաև Արտյոմ Թավաքալյանը: Այսօր լավ խաղաց նաև Արագադ Աբրամյանը՝ կատարելով անհավանական 5 փոխանցումներ: Այդուհանդերձ, նրա խաղում նկատվում էր հուզվածություն և լարվածություն: Լրագրողների հետ հանդիպմանն ասել էի, որ Աբրամյանը հայաստանյան բասկետբոլի ապագան է: Նա առաջին անգամ է թիմի հետ, և տեսանելի է, որ նա միջազգային փորձ չունի: Արագադն առաջին անգամ է խաղում այնպիսի բասկետբոլիստների դեմ, որոնք ունեցել են 30-ից 40 միջազգային հանդիպում: Դանիայի հավաքականին մենք պարտվեցինք ավելացված ժամանակում: Կարծում եմ՝ դանիացիների հետ պատասխան մրցավեճում կունենանք հաղթելու լավ հնարավորություն»,- խաղից հետո ասաց Բավցևիչը:
Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիոս Դուկասը, շնորհավորելով մեր հավաքականին, նկատել է, որ հայերը ավելի հաջող խաղացին առանց Բոաթրայթի: «Երբ Բոաթրայթը խաղաց, Ալբանիայում պարտվեցինք 18 միավորի տարբերությամբ, իսկ այսօր առանց նրա Հայաստանն առավելության հասավ 20 միավորի տարբերությամբ: Շնորհավորում եմ հայերին: Նրանք գեղեցիկ խաղ ցուցադրեցին և արժանիորեն հաղթեցին: Ինձ իսկապես տպավորեց մրցակցի ցուցադրած բասկետբոլը: Խաղը լավ սկսեցինք, սակայն տեղի ունեցավ այն, ինչից վախենում էինք: Մեր երկու առաջատար խաղացողների բացակայությունը զգացնել տվեց: Մենք ունենք երկու բարձրակարգ բասկետբոլիստներ, որոնք թիմի հետ չէին: Ամեն դեպքում, ճիշտ չի լինի նրանց բացակայությունը մեր պարտության հիմնական պատճառ համարել: Մենք ունեինք լավ հնարավորություններ, որոնք, սակայն, չօգտագործեցինք: Ամեն դեպքում գրանցված հաշիվը կարելի է նորմալ որակել: Խմբային փուլի արգելքը հաղթահարելը դժվար կլինի, քանզի արդեն երեք պարտություն ենք կրել: Նշեմ, սակայն, որ ամեն ինչ կորած չէ, և պետք է պայքարենք ու փորձենք ետ բերել կորցրածը»,- ասաց Դուկասը:
Ալբանիայի հետ խաղում իսկապես լավ տպավորություն թողեց Արագադ Աբրամյանը: Լավ խաղացին նաև Կոնստանտինովն ու Չրաբաշը: Մեր հավաքականի կազմում ամենաարդյունավետը Ալլան Հեսն էր, որը վաստակեց 21 միավոր: Այս բասկետբոլիստի մոտ հատկապես հաջող են ստացվում 3 միավորանոց նետումները: Նշենք, որ հերթական անգամ «Միկա» մարզահամալիրում ֆանտաստիկ մթնոլորտ էր: Բասկետբոլի հավաքականի մասնակցությամբ մեր հավաքականի հանդիպումներն իրական տոնի են վերածվում: Վստահաբար կարելի է ասել, որ այս պահին սա Հայաստանի ամենաուժեղ և մարտունակ հավաքականն է:
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի