Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր գործակալ Ժորժե Մենդեսին հանձնարարել է հետևել «Բարսելոնա»-ում կատարվող տրանսֆերային գործընթացին: Մոուրինյոն ցանկանում է որքան հնարավոր է շուտ իմանալ` ինչպիսի խաղացողներով է պատրաստվում Պեպ Գվարդիոլան ուժեղացնել կատալոնական ակումբը: Այս մասին հաղորդում է Don Balon պարբերականը:
Մենդեսը, ով համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող գործակալը, պետք է իր բոլոր կապերը օգտագործելով փորձի իմանալ, թե «Բարսելոնա»-ի ղեկավարները ինչ պայմանագրային գործընթացների մեջ են: Հավաքած ամբողջ ինֆորմացիան Մենդեսը պետք է հաղորդի Մոուրինյոյին և «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Don Balon-ի հաղորդմամբ The special one-ը այս հետախուզական գործընթացը սկսել է, որ կարողանա բարձրացնել այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, ում ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ն:
Իսկ tribalfootball.com-ը նկատում է, որ վերջերս «Բարսելոնա»-ն սկսել էր բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու գործընթացը: Մի քանի օրից տեղեկատվություն եղավ, որ «Ռեալ»-ի փոխնախագահ Խոսե Անխել Սանչեսը «արքայական» ակումբի նախկին խաղացող Ռոնալդոյին խնդրել էր կապվել Նեյմարի գործակալի հետ ու համոզել նրան, որ բրազիլացին «Բարսելոնա»-ի փոխարեն տեղափոխվի «Ռեալ»: