Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն հակադարձումների տեղիք է տվել: Հատկապես վիճարկվում է նրա այն թեզը, որ ողբերգությունը «տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ…»: Ոմանք նույնիսկ համարում են, որ Հայաստանի վարչապետը եւ Թուրքիայի նախագահը «համաձայնեցված տեքստեր են հրապարակել»:
«Համազգային ողբերգության համար ո՞վ է մեղավոր» հարցին, ինչպես հուշերի գրքում Ավետիք Իսահակյանն է վկայում, Լեոն պատասխանել է. «Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին…Մենք՝ պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք եւ սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականության պոռոտախոսությունը, պարծենկոտությունը եւ եղեռնական տգիտությունը»:
Իսկ ահա թե ինչ է գրել Հովհաննես Թումանյան Ավետիք Իսահակյանին. «Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր»:
Թումանյանը եւ Լեոն քաջատեղյակ մարդիկ էին: Երկուսն էլ Թիֆլիսի Ազգային խորհրդի անդամ էին, իսկ հայ ժողովրդի, Հայաստանի ապագայի մասին որոշումներ այդ մարմինն էր ընդունում: Հիմա ի՞նչ: Թումանյանը եւ Լեոն հայ առաջին սորոսականնե՞րն էին, օսմայան կամ քեմալական Թուրքիայի պատվերո՞վ էին իրենց մտքերը շարադրել: Նույն հայեցակարգով են գրվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչների հուշերը, պատմա-քաղաքական վերլուծությունները: Այդ ահռելի փաստա-վավերագրական նյութը մե՞րը չէ, ազգայի՞ն չէ, ուսումնասիրության ենթակա՞ չէ, դասեր քաղելու աղբյու՞ր չէ:
… Քաղաքականությունից հեռացած՝ ԱրցախԹՎ-ում հեղինակային հաղորդում էի վարում: Ցեղասպանության տարելիցի առթիվ տաղավար էինք հրավիրել պետական համալսարանի պատմության դասախոսի: Արդեն ավարտում էի, երբ «սատանայական» մի հարց ծագեց. «Իսկ մենք պատասխանատվության բաժին չունե՞նք»: Գիտությունների թեկնածու տիկինն անակնկալի եկավ, շփոթվեց: Հաղորդման հաջորդ օրն ասացին, որ մի պատմաբան տիկին, որ կուսակցական քվոտայով ԿԳՄ փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, զանգել է գլխավոր խմբագրին եւ «նոտացիա կարդացել»՝ թե ի՞նչ իրավունքով են «թրքաբարո» հարցադրումը եթեր տվել:
Իսկ գուցե «թրքաբարո» ավելի շատ հարցեր հնչեցնելու, ողջամիտ դիսկուրս ծավալելու դեպքում Նիկոլ Փաշինյանը 2019թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ոչ թե «Արցախը Հայաստան է եւ վերջ» կասեր, իշխանությունների հետ լրջորեն կքննարկեր սպառնալի իրավիճակը, եւ երկուսով կհանգեին կարգավորման մի օպտիմալ տարբերակի՞: Գուցե Նիկոլ Փաշինյանը նաեւ Արցախի կորու՞ստն է գնահատում քաղաքական մտքի բացակայության հետեւանք:









































