Ամստերդամի «Այաքս»-ի հարձակվող Արազ Օզբիլիսն այսուհետ հանդես կգա Հայաստանի հավաքականում: Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նա հանդիսավոր պայմաններում ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և պաշտոնապես ներկայացվեց որպես Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն Արազին հանձնեց 23 համարի մարզաշապիկը: Այնուհետև Հայրապետյանն ու Հայաստանի հավաքականի նորեկը պատասխանեցին լրագրողների հարցերին:
-Սլովակիա-Հայաստան խաղը դիտե՞լ ես: Եվ ընդհանրապես հետևե՞լ ես Հայաստանի հավաքականի ելույթներին:
-Այո, դիտել եմ: Թե՛ Սլովակիայի, թե՛ Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակները շատ կարևոր են: Չպետք է մոռանալ, որ Սլովակիան ուժեղ թիմ է. աշախարհի առաջնությունում նրանք հաղթեցին Իտալիայի պես ուժեղ հավաքականին: Ես շատ հպարտ եմ, որ հանդես եմ գալու նման թիմում:
-Այսօր առավոտյան նշել էիր, որ բարդ ընտրություն ես կատարել, ի՞նչը որոշիչ եղավ, որ ընտրեցիր Հայաստանը:
-Ընտրությունն ինձ համար բավական բարդ էր, որովհետև ակումբի մարզիչն ինձ խորհուրդ էր տալիս ընտրել Հոլանդիան: Նրա կարծիքով՝ դա էր ճիշտ որոշումը. կարծում էր` ես այնտեղ ավելի լավ կզարգանամ, բայց իմ սիրտը Հայաստանին է պատկանում:
-Քեզ տարբեր դիրքերում ենք տեսել ակումբում, ո՞ր դիրքում ես ավելի լավ զգում:
-Մրցաշրջանը կենտրոնական հարձակվողի դիրքում եմ սկսել, սակայն դա նշանակություն չունի. կարող եմ խաղալ և՛ ձախ կիսապաշտպանի և՛ աջ կիսապաշտպանի դիրքում, ինչպես նաև կիսապաշտպանության կենտրոնում:
-Արազ, ի՞նչ ֆունքցիոնալ վիճակում ես գտնվում, հնարավո՞ր է մասնակցես հավաքականի հաջորդ երկու խաղերին:
-Ցավոք, չեմ կարողանա մասնակցել այս երկու խաղերին, բայց ես երջանիկ եմ, որ այս երկրի քաղաքացի եմ և հավաքականի անդամ: Հուսով եմ` երեք շաբաթից կկարողանամ օգնել հավաքականին:
-Արազը մեզ կօգնի Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում,- հավելեց Հայրապետյանը:
-Արազ, կներկայացնե՞ս քո կարիերան:
-Չորս-հինգ տարեկանից սկսել եմ մարզվել Հոլանդիայի սիրողական ակումբներից մեկում: Երկու տարի անց հայրս ինձ ներկայացրեց «Տաղանդների օր» միջոցառմանը, և 800 երեխաներից ընդամենը 18-ն ընտրվեցին, որոնց թվում՝ նաև ես: 8 տարեկանից խաղում եմ «Այաքս»-ում:
-Հայերեն գիտե՞ս, հասկանո՞ւմ ես: Ընտանիքիդ անդամները տանը խոսո՞ւմ են հայերեն:
-Շատ քիչ եմ խոսում, բայց սովորում եմ: Շատ փոքր հասակում կիրակի օրերին միշտ հայկական եկեղեցի էի գնում, այնտեղ հայերեն դասընթացներ էին անցկացնում, բայց դա Ամստերդամում էր, և ամեն անգամ չէի կարողանում գնալ: Հաստատ կսովորեմ:
-Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի շանսերը ընտրական փուլում:
-Շատ լավ հնարավորություն ունենք. թիմը գերազանց վիճակում է: Մեր հավաքականը շատ երիտասարդ է, և եթե ոչ այս տարի, հետագայում անպայման կխաղանք Եվրոպայի առաջնությունում: Համոզված եմ՝ առաջիկա երկու խաղերում կհաղթենք: Եթե չստացվի, հուսանք, որ ռուսները կպարտվեն: Չմոռանանք նաև, որ Եվրոպայի հաջորդ առաջնությանը 16-ի փոխարեն 24 թիմ է մասնակցելու:
Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի