Օլիմպիական խաղերի 14-ակի չեմպիոն, ամերիկացի Մայքլ Ֆելփսը հայտարարել է, որ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիադայից հետո կավարտի կարիերան:
Այդ մասին 27-ամյա լողորդը հայտնել է CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի ժամանակ: Հաղորդմանը ներկա է եղել նաև Մայքլի մայրը, ով նշել է, որ ցանկանում էր համոզել որդուն մասնակցել նաև 2016 թվականին Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին: Ֆելփսը պարզաբանել է, որ բարձր մակարդակի ելույթները հյուծում են իրեն:
«Ես որոշում եմ կայացրել ավարտել կարիերաս, և այն վերջնական է: Այս տարիների ընթացքում մրցաշարերի մասնակցելու նպատակով բազմաթիվ հիասքանչ քաղաքներում եմ եղել, սակայն հյուրանոցներից ու մարզումներից բացի, որևէ վայր այցելելու հնարավորություն չեմ ունեցել: Վերջապես կարող եմ հանգստանալ»,- ասել է լողորդը:
Ֆելփսը հայտնել է նաև, որ 2009 թվականին դեպրեսիայի մեջ է եղել, սակայն հաղթահարել է բոլոր դժվարությունները և նորանոր հաջողություններ գրանցել:
Լողորդը Օլիմպիական խաղերի 14-ակի չեմպիոն է, 26 անգամ հաղթանակ է գրանցել աշխարհի առաջնություններում, 9 անգամ համաշխարհային ռեկորդներ է սահմանել, 16 անգամ՝ Խաղաղ օվկիանոսի առաջնությունների հաղթող ճանաչվել: Նա 6 անգամ՝ աշխարհի և 8 անգամ ԱՄՆ-ի լավագույն լողորդ է հայտարարվել: