
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսներից մեկում հայտարարել էր, որ տարիներ շարունակ լուրջ ներդրումներ է արել հայկական ֆուտբոլի զարգացմանը զարկ տալու համար։ «Ես տասնյակ միլիոնների հասնող դոլարներ եմ դրել ֆուտբոլի մեջ: Ցանկացած ֆուտբոլիստի հարցրեք, թե ամեն հաղթանակից հետո ինչքան պարգևավճար են ստացել և ոնց», – նշել էր Հայրապետյանը: Այսօր հայկական ֆուտբոլը գտնվում է մեղմ ասած ծանր վիճակում։ Ֆուտբոլային ենթակառուցվածքներ գրեթե չունենք, իսկ հավաքական թիմերը միջազգային ասպարեզում շարունակ ձախողվում են՝ պարտվելով խայտառակ հաշիվներով։ Խոսենք թերևս մեր ազգային հավաքականից, որը հասարակության ուշադրության կենտրոնում է։ Խոակին Կապառոսի հեռանալուց հետո հետո շարունակ շրջանառվում է հետևյալ հարցը՝ ո՞վ կլինի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը: Հայացք նետելով դեպի անցյալ՝ կարող ենք առանձնացնել ընդամենը մի քանի մասնագետի, որոնց աշխատանքը տպավորվել է և գրանցվել են համեմատաբար բարձր արդյունքներ: Այսօր պետք է արձանագրենք սակայն, որ 27 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականի խաղում այդպես էլ չի ձևավորվել խաղային ձեռագիր: Իրականում դժվար է ասել, ի՞նչ ոճի ֆուտբոլ է դավանում մեր հավաքականը: Օրինակ, Ուկրաինայի ազգային հավաքականը կազմավորումից ի վեր չնայած մարզիչների փոփոխության՝ ունի խաղաոճ, որը որևէ կերպ չի փոփոխվում: Նման օրինակները շատ են: Մեր հավաքականի հաջորդ գլխավոր մարզչի առաջնային խնդիրներից է լինելու այսպես ասած խաղային ձեռագիր դնելը, որն ամենևին էլ հեշտ խնդիր չէ:
Իսկ որն է ձեռագիր չունենալու և նման ժառանգություն ստանալու պատճառը կամ մեղավորը: 2002 թվականին ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր երկրում չի տեսնում արժանի մասնագետ, ում կարելի է վստահել ազգային թիմը: Այդժամ Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակեց «Փյունիկի» գլխավորող արգենտինացի Օսկար Լոպեսին: Վերջինս «Փյունիկում» վատ չէր աշխատում և Հայաստանի չեմպիոնը Լոպեսի գլխավորությամբ համեմատաբար հաջող էր ելույթ ունենում եվրագավաթների խաղարկություններում: Սակայն մեր հավաքականի խաղում էական փոփոխություններ չնկատվեցին:Ավելին, որոշ ժամանակ անց Լոպեսը պահանջեց բարձրացնել աշխատավարձը, ինչը բնականաբար Ռուբեն Հայրապետյանի դուրը չեկավ և արգենտինացու աշխատանքը Հայաստանի հավաքականում ավարտվեց: Լոպեսին փոխարինեց ռումինացի Միխայ Ստոյկիցան, որին հաջորդեցին, ֆրանսիացի Բեռնար Կազոնին, հոլանդացի Հենկ Վիսամնը, շոտլանդացի լուսահոգի Յան Պորտերֆիլդը, անգլիացի Թոմ Ջոնսը և դանիացի Յան Պոուլսենը:Նշված մասնագետներից թերևս Պերտերֆլիդն էր, որն ուներ հարուստ կենսագրություն և փորձ բարձրակարգ թիմերում աշխատելու:Մասնավորապես, Պորտրեֆիլդը գլխավորել էր «Չելսիի», «Շեֆիլդի» պես թիմեր ինչպես նաև աշխատել մի քանի ազգային հավաքականներում: Այս գործոնները բնականաբար նպաստեցին, որ Պորտերֆիլդի գլխավորությամբ մեր հավաքականը ցուցադրի ֆանտաստիկ ֆուտբոլ: Չունենալով լուրջ կադրեր՝ Պորտերֆիլդը ստացավ որակ և արդյունք, որը դեռ շատ ենք հիշելու: Վերը թվարկված մարզիչներից հետո Ռուբեն Հայրապետյանը կարծես փոխեց որոշումը տեղացի մասնագետների նկատմամբ և ազգային հավաքականը վստահեց Վարդան Մինասյանին: Վերջինս որպես երկրորդ մարզիչ աշխատել էր նշված օտարերկրացի գրեթե բոլոր մասնագետների հետ: Մինասյանը ցույց տվեց արդյունք, որը լավագույնն էր մեր հավաքականի պատմության մեջ: 2014 թվականի աշխարհի առաջնություն ընտրական փուլից հետո Մինասյանը հեռացավ: Հեռացավ պատվով:
Մինասյանի հեռանալուց հետո Հայրապետյանը կրկին փոխեց մոտեցումը և ազգային թիմը վստահեց շվեյցարացի Բեռնարդ Շալանդին:Կարճ ժամանակ անց էլ Հայրապետյանն աշխատանքից ազատեց Շալանդին և ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակեց Սարգիս Հովսեփյանին:2016 թվականի եվրոպայի առաջնության ավարտից հետո Հովսեփյանի փոխարեն Հայրապետյանը ազգային թիմը վստահեց Վարուժան Սուքիասյանին: Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանն արդեն ձախողվել էր 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում չտոնելով ոչ մի հաղթանակ:3 խաղ տապալելուց հետո Հայրապետյանը աշխատանքից ազատեց նաև Սուքիասյանին, գլխավոր մարզիչ նշանակելով Արթուր Պետրոսյանին: Թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը Պետրոսյանի գլխավորությամբ, կարծում ենք բոլորն են հիշում:Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց նաև Պետրոսյանը: Ի՞նչ սկզբունքով էր Հայրապետյանը ընտրում մարզիչ: Ի՞նչ էր մտածում Հայրապետյանը, երբ մեր ազգային թիմը վստահում էր ասենք Հենկ Վիսմանին, Բեռնար Շալանդին կամ Բեռնար Կազոնիին: Բացառությամբ Պորտերֆիլդի մյուս բոլոր օտարերկրացի մասնագետները որևէ բարձրակարգ թիմում, որևէ լուրջ հաջողության չեն հասել: Մինչև Հայաստանը գաը նրանց մասին չէր լսել ոչ մի ֆուտբոլասեր: Այստեղ պարզ է դառնում, որ հավաքականի արտասահմանցի մարզիչներին Հայրապետյանը ընտրել է բացառապես էժան լինելու համար: Դե բնական է, որ արտասահմանցի «էժան» մասնագետներն առանձնապես չեն տարբերվում հայաստանցի մասնագետներից: Ի՞նչ էր Հայրապետյանը մտածում, երբ հավաքականը վստահում էր Սարգիս Հովսեփյանին, կամ Արթուր Պետրոսյանին, որոնք մարզչական կենսագրություն ըստ էության չունեին:Հայրապետյանի «պրինցիպը» կարծում ենք պարզ էր, միայն թե մարզիչը լինի էժան:
Այս սկզբունքով առաջնորդվելու հետևանքով մոտ 16 տարի Հայաստանի ազգային հավաքականի խաղը ուղղակի բռնաբարվել է:Կարող էր արդյոք այդքան վայրիվերումներից հետո մեր հավաքականն ունենար ձեռագիր կամ խաղաոճ: ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը հրաժարվելով Հայրապետյան Ռուբենի էժան «պրինցիպից» ազգային թիմ հրավիրեց բարձրակարգ մասնագետ Կապառոսին: Վերջինս փորձեց փորձում էր արդյունք ապահովելուց զատ ներդնել նաև խաղային ձեռագիր։ Ցավոք չստացվեց։ Կարող է շատերը չհամաձայնվեն Կապառոսի ձախողումը ինչ-որ տեղ նաև նորմալ կարելի է համարել։ Վրաստանը, տարիներ շարունակ հրավիրում էր բարձրակարգ մասնագետների սակայն ազգային հավաքական դոփում էր տեղում։ Եվ սա այն դեպքում¸ երբ հարևան երկրի հավաքականը որակյան ֆուտբոլիստների առումով մեզնից մեկ քայլ ավելի առաջ է։ Տևական փնտրտուքից հետո վրացիները գտան Վիլի Սանյոլին, որին հաջողվում է ստանալ արդյունք։ Այսօր մենք գտնվում ենք բավական բարդ փուլում։ Եթե կարճ նկարագրենք իրավիճակը՝ կարող ենք ասել, որ Հայաստանի հավաքականի խաղը կոլապսային իրավիճակում է։