«Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին հայտնել է, որ ուրախ կլիներ, եթե հնարավորություն ունենար խաղալ «Չելսի»-ում` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
Նախօրեին պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբն ավարտել է աշխատանքները տրանսֆերային շուկայում: Մինչդեռ 23-ամյա Բալոտելին, ով մեկ տարի առաջ «Մանչեսթեր Սիթի»-ից «Միլան» տեղափոխվեց 20 մլն եվրոյի դիմաց, պատրաստակամություն է հայտնել միանալ Մոուրինյոյի թիմին, ում գլխավորությամբ նախկինում մարզվել է «Ինտեր»-ում:
«Իհարկե, ուրախ կլինեի կրկին խաղալ Ժոզեի գլխավորությամբ: «Ինտեր»-ում հանդես գալու իմ առաջին օրերին մենք որոշ խնդիրներ ունեինք, սակայն դրանք հարթվեցին և մենք սկսեցինք փոխադարձ հարգանք տածել միմյանց նկատմամբ: Ժոզեի թիմում խաղալը միշտ հետաքրքիր է: Չես հասցնում ձանձրանալ: Մոուրինյոյի թիմն, ասես, ընտանիք լինի, և նա միշտ ասում է, որ եթե ընտանիքի ներսում ամեն ինչ կարգին է, ապա նշանակություն չունի, թե ինչ է կատարվում դրսից»,- ասել է Բալոտելին:








































