Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի «Ուկրաինան, Եվրոպան և գլոբալ անվտանգությունը» վերտառությամբ հոդվածը, որ պետք է լույս տեսներ «Politico Europe» հանդեսում, բայց «խմբագրության որոշմամբ վերջին պահին հրապարակումը բեկանվել» է։ Բավական ընդարձակ տեքստում, որի վրա, երևի, աշխատել են Լավրովի օգնականները, որևէ էական նորություն չկա, իսկ ոճից և տոնայնությունից պարզ հասկացվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը փորձել է պատասխանել «եվրոպական եռյակի» կողմից ուկրաինական պատերազմը դադարեցնելու և կարգավորման սկզբունքների մասին արված առաջարկությանը, բայց ակնհայտորեն մնացել է քարոզչական նույն կաղապարների տիրույթում, որ տասնյակ անգամներ հնչեցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Լավրովի հոդվածի հիմնական ասելիքը սահմանված է կարճ․ «Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական բախումը անխուսափելիորեն կհանգեցնի միջուկային առճակատման»։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը այդ կանխատեսումը, ավելի ճիշտ՝ սպառնալիքը հնչեցրել է՝ ի ցույց դնելով «Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի քանի երկրների «միջուկային հովանոց» տրամադրելու Ֆրանսիայի ծրագիրը»։ Լավրովը ընդգծել է, որ «ռազմավարական ինքնուրույնության» կարգախոսի ներքո «Եվրոպայում տեղի է ունենում ուժային պոտենցիալի լուրջ ամրապնդում», ինչը, նրա գնահատմամբ, վկայում է, որ «եվրոպական երկրները նախապատրաստվում են մինչև 2030 թվականը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնել»։
«Միասնական Եվրոպան շարունակում է նվաճողական երազանքներ ունենալ, մտադիր է յուրացնել Ուկրաինան և Մոլդովան, իր ուղեծիր է ձգում Հայաստանին։ ՆԱՏՕ-ն ծավալվել է դեպի Արևելք՝ կլանելով Ֆինլանդիան և Շվեդիան»,- ընդհանրացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։ Ակնհայտ է, որ Լավրովի հետ բանավեճի մտնելու կարիք չկա։ Այլևս անիմաստ է վկայակոչել, որ ՆԱՏՕ-ն ոչ թե Ֆինլանդիան և Շվեդիան «կլանել» է, այլ սկանդիանվյան երկու չեզոք երկրներ ստիպված են եղել Դաշինքին անդամակցել, երբ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսել, իսկ Հայաստանը «ձգտում» է Եվրոպային, քանի որ ՀԱՊԿ-ի «անվտանգային հովանոցը» նրա տարածքային ամբողջականությունը չի պաշտպանել։
Իրավիճակը պետք է գնահատել սթափ, Ռուսաստանը Հայաստանին «թշնամի» է նշանակել, և առնվազն Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք այդ գնահատականը չի փոխվելու։ Ամենևին էլ պատահական չէ, որ «Ուժեղ Հայաստանը» ընդդիմության համախմբման և «այս ընթացքը կասեցնելու» համար Մոսկվային դիմելու գործընթաց է նախաձեռնել։ Երբ 1920թ․ սեպտեմբերի առաջին օրերին Բաքվում Արևելքի ժողովուրդների համագումարը Հայաստանի անկախ պետությունը ճանաչել է «միջազգային իմպերիալիզմի գործակալ», հայ բոլշևիկները ոչ միայն համաձայնել են, այլև ողջունել են իրենց հայրենիքի կործանումը։ Հայաստանի նեոբոլշևիզմը կրկնո՞ւմ է նրանց։









































