Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է Միացյալ Նահանգներ ուղևորությունն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը «լուրջ և վիրավորական» արտահայտություններ է թույլ տվել վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին:
Աշխարհի առաջնորդներն այս շաբաթ հանդիպել էին Ֆրանսիական Ալպերում կայացած G7-ի գագաթնաժողովում և արտաքուստ բավականին ջերմ էին թվում:
Այնուամենայնիվ, իտալական La7 հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված սղագրության համաձայն՝ հաղորդվում է, որ Թրամփն ասել է, թե Մելոնին «այնքան շատ էր ուզում լուսանկարվել ինձ հետ», և որ ինքը համաձայնել է միայն այն պատճառով, որ «խղճացել է նրան»:
Ըստ հաղորդագրությունների՝ Թրամփն ասել է, որ Իտալիայի վարչապետը թերևս «ուրախ է, որ ես խոսեցի իր հետ, թեև պարտավոր չէի խոսել նրա հետ»:
Տայանին պետք է մեկներ ԱՄՆ բարձր մակարդակի այցով, որը նախատեսված էր հունիսի 21-ին։ Այս սկանդալի հետևանքով նա հինգշաբթի օրը հայտարարեց, որ չեղարկել է այցը։
«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորում են ողջ Իտալիային։ Այդ պատճառով ես որոշեցի չեղարկել իմ այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հաջորդող հունիսի 21-ին և 22-ին»,— գրել է նա X-ի իր էջում։
ԱՄՆ նախագահի հայտարարությանն արձագանքել է նաև Ջորջիա Մելոնին։ Տեսաուղերձում, որ հրապարակել է X-ի իր էջում, Մելոնին Թրամփի խոսքերն անվանել է «հորինված»՝ հավելելով. «Ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք աղերսողի դերում չենք լինում»։ Նա նշել է, որ «ապշած է» այդ մեկնաբանություններից։
«Չգիտեմ, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն իրեն այսպես պահում սեփական դաշնակիցների հետ։ Կարող եմ միայն ասել, որ ցավալի է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի թշնամիների, Միացյալ Նահանգների թշնամիների, այն առաջնորդների նկատմամբ, որոնց հանդեպ, ընդհակառակը, շատ ավելի զիջող է»,— ասել է նա։










































