Ուկրաինան ամենօրյա կապի մեջ է Դոնալդ Թրամփի թիմի հետ՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու նպատակով։
The Economist-ի փոխանցմամբ՝ քննարկվող առաջարկներից մեկը հրադադարի երկփուլ ծրագիրն է, որը նախատեսում է նախապես շփման գծի երկու կողմերում 50-70 կմ լայնությամբ ապառազմականացված գոտու ստեղծում, ապա՝ ավելի համապարփակ պայմանագրի կնքում։
Միաժամանակ, ըստ պարբերականի, Ռուսաստանը շարունակում է պնդել 2025 թվականի օգոստոսին Անկորիջում Պուտինի և Թրամփի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում են Ղրիմի և Դոնբասի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության իրավական ճանաչում։
Կիևի համար այս պայմանները մնում են անընդունելի, մինչդեռ Վաշինգտոնում, ըստ The Economist-ի, նկատվում է աջակցության աճ Ուկրաինային՝ որպես հակամարտությունում հաղթող կողմի, ինչը նաև հաստատում են G7-ի երկրները։
Չնայած դիվանագիտական ջանքերին, կողմերի միջև առկա տարաձայնությունները շարունակում են մնալ հսկայական, իսկ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կձգձգի գործընթացը՝ հույս ունենալով ձմեռային հարձակումների միջոցով Ուկրաինային ստիպել զիջումների։









































