Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում իր 200-րդ հանդիպմանը փայլել է՝ հեթ-տրիկ գրանցելով Ալժիրի դեմ խաղում։
Ամերիկյան Կանզաս Սիթիի «Էրրոուհեդ» ստադիոնում կայացած խաղում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը վստահորեն 3:0 հաշվով առավելության հասավ Ալժիրի նկատմամբ: Հանդիպման գլխավոր հերոսն, անկասկած, դարձավ Լիոնել Մեսսին, որն իր հաշվին երեք գոլ գրանցեց և հեթ-տրիկ ձևակերպեց:
17-րդ րոպեին Ռոդրիգո Դե Պաուլը հարվածային դիրք դուրս բերեց Մեսսիին, և արգենտինացիների ավագը ձախ ոտքի դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ խաղակեսում՝ 60-րդ և 76-րդ րոպեներին, Մեսսին ևս երկու անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ սահմանելով վերջնական հաշիվը՝ 3:0:
38-ամյա աստղի համար այս հանդիպումը հոբելյանական էր՝ 200-րդը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում: Ալժիրի դարպասն ուղարկած առաջին գնդակը դարձավ նրա 118-րդ գոլը միջազգային ասպարեզում, իսկ հանդիպման ավարտին Մեսսին հավաքականում իր գոլերի քանակը հասցրեց 120-ի:
Այս հեթ-տրիկից հետո բոլոր մրցաշարերում Լիոնել Մեսսիի կարիերայի ընդհանուր գոլերի թիվը հասավ 914-ի:





































