Աշխարհի առաջնությունից առաջ շատ ցածր էին գնահատվում Ռուսաստանի հավաքականի շանսերը, շատերը նույնիսկ նշում էին, որ այս հավաքականը չի կարող հաղթահարել անգամ խմբային մրցաշարի արգելքը:
Չգիտենք` սեփական տան պատերն օգնեցի՞ն, թե՞ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին իսկապես հաջողվել է լավ թիմ հավաքել, սակայն հոռետեսական կանխատեսումները չիրականացան. Ռուսաստանը քիչ առաջ ընթացիկ առաջնությունում տոնեց երկրորդ տպավորիչ հաղթանակը, այս անգամ բավականին ուժեղ Եգիպտոսի հավաքականի հանդեպ և փաստացի նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Ռուսաստանի հավաքականին քննադատում էին, որ չունի վառ արտահայտված առաջատար, արդյունավետ կատարողներ: Սակայն տանտերերն առայժմ այս առաջնության ամենաարդյունավետ հավաքականն են` երկու խաղում դառնալով ութ գնդակի հեղինակ, թիմի կիսապաշտպան Դենիս Չերիշևը խփել է երեք գնդակ` լեգենդար Ռոնալդուի հետ գլխավորելով մրցաշարի ռմբարկուների ցուցակը:
Մինչև առաջնությունը խիստ քննադատական գնահատականներ էին հնչում Ռուսաստանի հավաքականի պաշտպանության հասցեին, սակայն տանտերերը երկու խաղում ընդունել են ընդամենը մեկ գնդակ, այն էլ` 11 մետրանոցից:
Սակայն Ռուսաստանի հավաքականի իսկական հայտնությունը դարձել է ԲԿՄԱ-ի 22-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը: Միջազգային մամուլը գրում է, որ նա ռուսական ֆուտբոլի փայլատակող աստղ է և տեղեկացնում են, որ աշխարհի առաջնության ավարտից հետո այս ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքելու Թուրինի աշխարհահռչակ ակումբը` «Յուվենթուսը»:
Մյուս կողմից` Ռուսաստանին իրական լուրջ մրցակից է հանդիպելու խմբային մրցաշարի երրորդ տուրում, երբ Չերչեսովի թիմը ուժերը կչափի Ուրուգվայի հավաքականի հետ, էլ չենք խոսում 1/8 եզրափակչի մասին, որտեղ ռուսները հանդիպելու են, ըստ ամենայնի, Իսպանիայի կամ Պորտուգալիայի ընտրանիների հետ:
Եվ վերջում արձանագրենք համաշխարհային մեծության հերթական աստղի` Եգիպտոսի և «Լիվերպուլի» հարձակվող, Անգլիայի վերջին առաջնության լավագույն ռմբարկու
Մուհամեդ Սալահի ֆիասկոյի մասին: Ճիշտ է` նա այսօր անվրեպ իրացրեց Ռուսաստանի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոցը, սակայն երկրորդ անընդմեջ պարտությունը Եգիպտոսի հավաքականին դուրս է թողնում հետագա պայքարից:
Եգիպտոսի հավաքականը «Լիվերպուլ» չէ, ինչի հետևանքով Սալահը չի կարողանում դրսևորել իր լավագույն որակները` ցուցադրելով ոչ նպատակային ֆուտբոլ: