Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքում», երկրպագուների հետ ֆեյսբուքյան հանդիպման ժամանակ անդրադառնալով մի շարք թեմաների՝ խոսել է նաև մեր երկրի արտաքին քաղաքական խնդիրների մասին: «Ինձ համար շատ ցավալի է, որ հայ ժողովուրդը 1915 թվականի Ցեղասպանությունից հետո շարունակ պատերազմել է: Հայաստանն արդեն 20 տարի պատերազում է Ադրբեջանի հետ, սակայն աշխարհը ձևացնում է՝ իբր ոչինչ չկա, ոչ մի պատերազմ տեղի չի ունենում: Ամեն օր հայ-ադրբեջանական շփման գոտում մարդիկ են զոհվում: Եթե մարդը կարող է ֆուտբոլի կամ տեսաֆիլմերի միջոցով ազգաբնակչությանը ստիպել ուրախանալ, դա մեծ գործ է: Նման պահերին ինձ երջանիկ եմ զգում»,- ասել է Մովսիսյանը:
– Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:
– Հայաստանի հավաքականը միշտ եղել է իմը, ես միշտ ցանկացել եմ այնտեղ խաղալ: Ներկայում ես չեմ կարող խաղալ իմ երկրի ազգային թիմում, քանզի այնտեղ տեղի ունեցավ տհաճ երևույթ, որի համար մեղադրեցին ինձ: Նման բան ես չէի կարող անել: Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ որոշ մարդկանց կողմից Մովսիսյանի մասին խոսակցությունները սուտ են և անհիմն: Ամենակարևորն այն է, որ մարդիկ գիտեն՝ ես միշտ անկեղծ եմ և ինչ-որ նպատակների հասնելու համար չեմ կարող կեղծավոր լինել: Չեմ կարող լինել երկերեսանի: Երևի թե սա է իմ ամենամեծ խնդիրը: Չեմ կարող ձևանալ այլ մարդ: Ուղիղ մարդ եմ, և եթե կա խնդիր, ես պատրաստ եմ ընդունել այն և քննարկել:
– Հեռանալուց հետո հետևո՞ւմ եք ազգային հավաքականի մրցելույթներին:
– Ոչ միայն հետևում եմ, այլև երկրպագում: Հայաստանն իմ երկիրն է, իմ թիմը, որի կազմում մեծ հաջողությունների հասա: Գիտեմ՝ ինչ է նշանակում կրել ազգային թիմի մարզաշապիկը: Իսկ թե հետագայում ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը:
– Հավաքականի երկրպագուները միշտ հիշում են Ձեզ, և Դուք մինչ օրս նրանց կուռքն եք:
– Անչափ շնորհակալ եմ երկրպագուներից: Նրանք ինձ ուժ են տալիս, և եթե չլիներ նրանց ջերմ աջակցությունը, դժվար թե հաջողություններ ունենայինք: Ի սրտե ցանկանում եմ, որ մեր հավաքականի երկրպագուները մոտ ապագայում ուրախանալու և հպարտանալու շատ առիթներ ունենան: Կրկին անգամ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Ես միշտ Ձեզ հետ եմ:
– Շուտով Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում և Իրվինում հանդիպելու է Ձեր թիմին:
– Իրվինում յուրահատուկ հավաք է լինելու: Այս առթիվ «Ռեալ Սոլթ-Լեյքը» հայտարարությամբ հանդես կգա: Մենք կխաղանք Հայաստանի չեմպիոնի հետ: Դա ինձ համար կլինի հատուկ խաղ: Ես կհանդիպեմ այն տղաների դեմ, որոնց հետ Հայաստանի ազգային հավաքականում խաղընկերներ էինք:
– Կպարզաբանեք՝ ինչո՞ւ է «Ալաշկերտի» հետ հանդիպումն ու հավաքը յուրահատուկ:
– Կրկնում եմ: Յուրահատկությունը կայանում է նրանում, որ հայկական թիմը կժամանի ԱՄՆ, իսկ ես «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում կխաղամ հայ ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ՝ մարդիկ չեն ալարի և կգան մարզադաշտ հետաքրքիր այս խաղը դիտելու: Խոստանում եմ, որ մարզասերների համար դա կլինի հիշարժան երեկո: Գիտեմ, որ «Ալաշկերտը» մեծ էնտուզիազմով է լցված, քանզի խաղալու է ԱՄՆ-ում: Կարծում եմ՝ նաև հայաստանցի ֆուտբոլիստների համար մեծ իրադարձություն է խաղալ Իրվինում իմ թիմի դեմ: Նշեմ նաև, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ սա մեր վերջին հանդիպումն է: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում «Ալաշկերտի» հետ մրցավեճին: Կներդնենք ողջ ներուժը գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ ցույց տալու համար: