ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, այսօր տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Ժողովի օրակարգում էին ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվության հաստատումը, անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի հաստատումը և այլ հարցեր:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ժողովին մասնակցելու համար, ապա բարձրաձայնեց Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլին առնչվող մի քանի խնդիրների մասին:
«Մենք խնդիր ունենք մանկապատանեկան ֆուտբոլում՝ մարզիչների հետ կապված. դա խանգարող հանգամանք է դարձել: Ես շատ մեծ մտահոգություն ունեմ, որովհետև մեր մարզիչները խայտառակ ծանր վիճակի են հասցնում մանկապատանեկան ֆուտբոլը:
Օգտվելով առիթից՝ կուզենայի հորդորել ուշադրություն դարձնել մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների վրա, նրանք ոչ թե օգուտ, այլ իմ մոտ տպավորությունն այնպիսին է, որ վնաս են հասցնում մեր երեխաներին»,- ասաց նա:
Հայրապետյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել մանկապատանեկան մարզիչներ հրավիրել արտասահմանցի մասնագետների. «Կարող եք ինձ մեղադրել, որ այդքան լիցենզիաներ ենք տվել ու այդքան մարզիչներ պատրաստել: Այո՛, արել ենք, բայց ես երեք մարզիչ միայն կնշեմ, որ նմանվում են մարզչի, մնացածն ուղղակի վնաս են տալիս: Հաջորդ քայլերը լինելու են շատ խիստ, հիմա սկսելու է լիցենզիաները հետ վերցնելու գործընթացը»:
Մանրամասները՝ մեր տեսանյութում