Չիլիի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Իվան Սամորանոն խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին:
«Ֆուտբոլը հիմա տարբերվում է նրանից, ինչ կար առաջ: Թիմերն հիմա ավելի շատ գումարներ են ծախսում նրա համար, որ ձեռք բերեն անհրաժեշտ խաղացողների տրանսֆերները: Չգիտեմ՝ ճիշտ է դա, թե ոչ:
Երբ ես էի խաղում ֆուտբոլ, մենք ի սրտե էինք դաշտ դուրս գալիս, կային էմոցիաներ: Ինձ հենց դա է դուր գալիս: Հիմա ես հաճույք եմ ստանում՝ դիտելով տեխնիկապես լավ պատրաստված թիմերի խաղերը: Օրինակ՝ «Բարսելոնա»-ի ու «Արսենալ»-ի: Ինձ ավելի մոտ է այդ թիմերի փիլիսոփայությունը:
Գվարդիոլայի ու Մոուրինյոյի գաղափարնե՞րը: Ամենալավը հավասարակշռություն գտնելն է: «Բարսելոնա»-ն ֆուտբոլի պատմության մեջ լավագույն թիմերից է, նույնիսկ եթե թիմի ղեկին Գվարդիոլան չէ: Այս թիմը գեղեցիկ է խաղում:
Մոուրինյոյի փիլիսոփայությունը ամեն գնով հաղթանակելն է: Նրա թիմերը լավ են խաղում, շատ արդյունավետ: Դա տալիս է իր պտուղները: Իզուր չէ, որ նա աշխարհի ամենատիտղոսակիր մասնագետներից մեկն է»,- Սամորանոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:








































