Վարուժան Սուքիասյանը գլխավորել է «Արարատ»-ը և այսօր թիմի հետ անցկացրել իր առաջին մարզումը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սուքիասյանը հանդիսանում էր «Արարատ»-ի գլխավոր մարզիչը նաև 2006-2008 թթ. ընկած ժամանակահատվածում: Նրա գլխավորությամբ «Արարատ»-ը դարձել է 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր:
Տարբեր տարիներին 58-ամյա մասնագետը գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմեն»-ը, ինչպես նաև` «Լոռի»-ն, «Բանանց»-ը, «Վան»-ը, «Կոտայք»-ը, «Ցեմենտ»-ը, «Արաքս»-ը, «Սպարտակ»-ը և «Իմպուլս»-ը:
«Բանանց»-ի հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտ»-ի հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքս»-ը փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը: