Ռուսական «Սպորտ-Էքսպրես» պարբերականում երեկ հրապարակված «Սպերցյանի կորուստը Ռուսաստանի համար պատահական չէր․ Հայաստանը երկար տարիներ այդպես է անում» հոդվածը զայրույթի լայն ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Հոդվածի հեղինակը՝ Արտյոմ Բելինինը Հայաստանին և մասնավորապես ՀՖՖ-ին մեղադրել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և Ռուաստանում ելույթ ունեցող հայազգի ֆուտբոլիստներին այսպես ասած «գողանալու» մեջ։ «Միամտություն է կարծել, որ Էդուարդի սպորտային քաղաքացիության փոփոխության մեջ գլխավոր դերը պատկանում է նրա սրտին։ Որովհետեւ Հայաստանում կա հայկական արմատներով արտասահմանցի խաղացողների որսի հստակ ծրագիր, որն արդյունք է տալիս»,- գրել է Բելենինն ու հավելել․ «Հաշվի առնելով Հայաստանի լավ թիմը՝ Ռուսաստանը կարծես թե պետք է միջոցներ ձեռնարկի իրենց շահերը պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում մենք վտանգի ենք ենթարկում պարզապես մեր ֆուտբոլային համակարգով պատրաստված ու կրթված տաղանդավոր սերնդին այլ երկիր ներկայացնելու։ Մենք չէինք ցանկանա կորցնել եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներին միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն աշխատում է նրանց հետ, իսկ մենք՝ ոչ։ Ուստի կարևոր է վերահսկել նման պահերը՝ ավելի ուշադիր, քան հիմա»։ Նեղսրտելով, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ ռուսները ըստ էության մտադիր են պատնեշ ստեղծել ռուսական թիմերում հանդես եկող հայազգի մյուս ֆուտբոլիստների մեր ազգային թիմին միանալու համար։
«Սիրտս ասաց, որ գամ Հայաստան։ Սա իմ երկիրն է, իմ ժողովուրդը։ Այս որոշումը ես ինքս եմ կայացրել։ Զանգահարեցի հորս և ընտանիքիս ասացի, որ ցանկանում եմ միանալ Հայաստանի հավաքականին»,- հայտարարել էր Սպերցյանը Հայաստանի հավաքականին միանալու որոշում կայացնելուց հետո։ Նման որոշումներն ու հայտարարությունները սակայն ընկալելի չեն, ռուսական կողմի համար։ Նրանց համար խորթ է հայրենիքը սիրելու և հայրենիքի համար զոհողուցությունների գնալու գաղափարը։ Ռուսաստանում սովոր են, որ այլ ազգերի ներկայացուցիչները պայքարեն իրենց փոխարեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի ավագն այսօր ազգությամբ վրացի Գեորգի Ջիկիան է։ Այս հավաքականի առաջատար հարձակվողներից է հայազգի Արսեն Զախարյանը, որը հրաժարվել էր հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Ռուսաստանի հավաքականում են խաղում բազմաթիվ այլ ազգի ֆուտբոլիստներ։ Ռուսներին թվում է, թե բոլորը պարտական են իրենց և պետք է վարվեն Ջիկիայի կամ Զախարյանի պես, քանզի նրանք ապրել են Ռուսաստանում կոպիտ ասած կերել իրենց հացը։ Այս մոտեցումը բերեց նրան, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստների մուտքը եվրոպական թիմեր խոստիվ արգելված է։ Այսօր Ռուսաստանի հավաքական ըստ էության գոյություն չունի։ Ռուսաստանը ֆուտբոլային հարթակում սուզվում է։ Մեր ռազմավարական դաշնակից հանրապետությունում սակայն շատ են ցանկանում, որ իրենց հետ սուզվեն նաև հայերը։
Տեղի ունեցածը ռուսական չուզողության և «ֆաշիզմի» պայթյունն էր, որը սակայն պայթեց միայն Ռուսաստանի ներսում։ Չբավարարվելով ռուսական թիմերում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներով, հոդվածագիրն անդրադարձել է մեր գլխավոր թիմում ելույթ ունեցող մյուս լեգեոներներին։ Բելենինի կարծիքով Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և մյուս ֆուտբոլիստները Հայաստանի հավաքականին են միացել քանզի հնարավորություն չեն ունեցել խաղալու Արգենտինայի կամ այլ երկրների ազգային թիմերում։ Կարճ ասած «Սպորտ-Էքսպրեսի» լրագրողը փորձ է առաջ քաշել այն թեզը, որ Հայաստանի ազգային հավաքականում խաղում են անձնական շահի համար։ Փարատելով այս դատարկաբանությունը բերենք թերևս ամենաթարմ օրինակը։
Սպերցյանի, Տիկիզյանի, Սելարայանի և այլ ֆուտբոլիստների անձնուրաց խաղի շնորհիվ երեք օր առաջ մեր հավաքականը Քարդիֆում պարտության մատնեց Եվրոպական բարձրակարգ թիմերից մեկին։ Այս օրերին Ռուսաստանի հետ ընկերական հանդիպում չանցկացրին նույնիսկ Ղրղզստանը, Իրաքը և նմանատիպ այլ երկրները։ Այո, Ռուսաստանը մեծ ֆուտբոլի լուսանցքում է, ուստի մեր ռազմավարական դաշնակիցներին խորհուրդ կտայինք տապակվել սեփական յուղի մեջ, և հաշվի նստելով ներկայիս իրավիճակի հետ համապատասխան հետևություններ անել։