Երեկ մի շարք մարզական ֆեդերացիաներ տեղեկացվել են, որ 2021թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումները կրճատվում են 20-25 տոկոսով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ իր աղբյուրներից: Պետական ֆինանսավորում ունեցող 34 մարզական ֆեդերացիաները պետությունից մոտ մեկ միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն են ստանում, որը կրճատվել է գրեթե 170 մլն դրամով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միայն օրերս է սկսել ֆեդերացիաներին տեղեկացնել, որ ֆինանսավորումը կրճատվում է՝ պայմանավորված երկրում ստեղծված սոցիալական ծանր իրավիճակով:
Այս կրճատումներն աղետալի հետևանքներ կունենան հայկական սպորտի ապագայի համար, քանի որ հատկացվող գումարները հիմնականում ծախսվում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու համար, ասել է թե՝ ավիատոմսերի ու հյուրանոցների վրա: Հաշվի առնելով, որ ԱՄՆ դոլարը և եվրոն զգալիորեն թանկացել են այս օրերին, ապա մարզական ֆեդերացիաների կորուստը էլ ավելի է մեծանում, և 2021 թվականին Հայաստանի շատ ներկայացուցիչներ պարզապես չեն կարողանալու մասնակցել միջազգային մրցաշարերի:
Սպորտի նկատմամբ այս անհասկանալի և անլուրջ մոտեցումը նորություն չէ Հայաստանում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ ընդամենը 2 մլն դոլարով 34 մարզաձև պահելը անհեթեթություն է: Օրինակ՝ նշենք, որ հարևան Վրաստանում այս թիմը տատանվում է 63-ից 65 մլն դոլարի սահմաններում: Բայց պարզվում է, որ նույնիսկ 2 մլն դոլարն է Հայաստանում շատ համարվել սպորտի համար: Առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող հայկական սպորտը հայտնվում է աղետի շեմին:
Այս բարձիթողի վիճակը պայմանավորված է նաև նրանով, որ մինչ օրս հստակ չէ, թե ով է համակարգում սպորտի ոլորտը ԿԳՄՍ-ում: Ամռանը հրաժարական էր տվել սպորտի հարցերով ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թահմազյանը, սակայն մինչ օրս նրան փոխարինող չի նշանակվել: Այս տարվա գարնանը ՀՀ կառավարությունը մի քանի որոշում էր կայացրել սպորտի զարգացումը խթանելու համար, և շատերին թվում էր, թե մոտ ապագայում դրական տեղաշարժեր կլինեն։ Մասնավորապես, ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի Օլիմպիական խաղերի չեմպիոններին պետք է տրվեն պատվովճարներ՝ դադարեցնելով դեռևս 2015թ.-ից սահմանված լրավճարները։ Նման որոշում էր ընդունվել մարտի 20-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ ՀՀ Կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի № 1486-Ն և օգոստոսի 13-ի № 925-Ն որոշումներում ԿԳՄՍՆ-ն, փոփոխություններ կատարելով, փորձ էր արել բարելավել մարզիկների սոցիալական վիճակը, ինչպես նաև խթանել սպորտի զարգացումը Հայաստանում։ Պատվովճարները վերաբերում են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում, Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին, եթե նրանք բնակվում են ՀՀ-ում և համարվում են ՀՀ քաղաքացի:
Բացի այդ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ տեղերի մրցանակակիրները, որոնք ևս նախկինում պատվովճար չեն ստացել, այսուհետ կվճարվեն համապատասխանաբար 200 հազար, 140 հազար և 100 հազար դրամ: Օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին, նախկին 55 հազար դրամի փոխարեն, այսուհետ կտրվի 100 հազար դրամ: Նույն կարգավորմամբ նախատեսվում են պատվովճարներ ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների համար՝ 100 հազարական դրամ: Ընդ որում, նշված պատվովճարները մարզիկները պետք է ստանան ցմահ: Եվրոպական խաղերի, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների համար պատվովճարները կվճարվեն չեմպիոն դառնալու դեպքում 2021 թվականի հունվարի մեկից, մեկ տարի ժամկետով։
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ առաջացող լրացուցիչ ծախսերն արդեն ընդգրկված էին 2020 թ.-ի պետական բյուջեում։ Այս տարվա փետրվարին էլ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել 2019 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրել 5-ական միլիոն դրամով։ Այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր նաև, որ օլիմպիական չեմպիոնները կստանան 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը՝ 15 միլիոն դրամ, երրորդ տեղը գրաված մարզիկները՝ 10 միլիոն դրամ։
Մարզական ֆեդերացիաների ֆինանսական միջոցների կրճատումներից հետո կառավարության այս որոշումները ուղղակի անիմաստ և ինչ-որ տեղ նույնիսկ պարադոքսալ են թվում։ ՀՀ կառավարությունը, փորձելով մոտիվացնել և խրախուսել մարզական ֆեդերացիաներին և մարզիկներին, միևնույն ժամանակ զրկում է նրանց պատշաճ կերպով նախապատրաստվելու և նույնիսկ մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Այո, գարնանը մարզաշխարհի որոշ շրջանակներում ոգևորություն էր նկատվում, բայց… Արդեն այսօր հայկական սպորտում սկիզբ է առել փոշիացման պրոցեսը, որը չկանգնեցնելու դեպքում մոտակա տարիներին չեմպիոններ կամ մեդալակիրներ ունենալու մասին մտածելն ուղղակի անիմաստ կլինի։