Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան նվաճել է Շտուտգարտի մրցաշարի չեմպիոնուհու կոչումը: 6:1, 6:4 հաշվով նա առավելության է հասել բելոռուս Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ:
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլերում Մարիան 2 անգամ անընդմեջ զիջել է Վիկտորիային`Ինդիան Ուելսում կայացած մրցաշարում և Australian Open-ում, իսկ ընդհանուր առմամբ ռուս թենիսիստուհին զիջել է տիտղոսի վիճարկման 3 հանդիպումներում:
Շարապովայի համար նվաճած տիտղոսը մրցաշրջանում դարձավ առաջինը, իսկ կարիերայում` 25-րդը:
Վիկտորիա Ազարենկոն անհաջող ելույթի պատճառների մասին հայտնել է պարգևատրման արարողության ժամանակ:
«Իհարկե՛, ես հուզված եմ եզրափակչում կրած պարտության պատճառով: Շնորհավորում եմ Մարիային, նա հիանալի շաբաթ անցկացրեց: Պետք է նշեմ, որ մրցաշարն ինձ համար այնքան էլ վատ ընթացք չունեցավ, բայց հուսով եմ, որ հաջորդ անգամ այստեղ ավելի լավ հանդես կգամ»,- հայտնել է Ազարենկոն:
Շարապովան, իր ուրախության մասին անկեղծացել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
«Ես երջանիկ եմ: Շատ ծանր մրցաշար էր, և ես ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Պետք է նշեմ, որ Վիկան վնասվածք ուներ և չկարողացավ իր լավագուն խաղը ցուցադրել: Ինչևիցե, ես շատ ուրախ եմ, որ հաղթել եմ»,- ասել է ռուս թենիսիստուհին: