«Նապոլի»-ի դարպասապահ Մորգան դե Սանկտիսի կարծիքով Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Չելսի»-ի հետ պատասխան հանդիպման ժամանակ «արիստոկրատներ»-ի ցուցադրած «բաց» ֆուտբոլը հնարավորություն կընձեռի նեապոլցիներին հաջողության հասնել հակագրոհների ժամանակ:
««Չելսի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի, դա նշանակում է, որ փոփոխություններ կլինեն թիմի խաղաոճում: Կարծում եմ՝ նրանք կցանկանան հաջողության հասնել խաղի առաջին իսկ րոպեներին և գրոհի կնետվեն ողջ ուժերով:
Վիճակահանության ժամանակ այս հանդիպման ֆավորիտն անգլիական ակումբն էր, սակայն վերջին ժամանակշրջանում շատ բան է փոխվել: Առաջին հանդիպման ժամանակ մենք վատ հանդես եկանք, բայց Լոնդոնում կփորձենք իրացնել գոլային բոլոր պահերը: Կարծում եմ՝ «Նապոլի»-ի հարձակվողական գիծն ավելի ուժեղ է, քանի որ Կավանին ու Լավեսսին Եվրոպայի լավագույն հարձակվողական զույգն են»:






































