Միլանի «Ինտեր»-ը երկարաձգեց թիմի 20-ամյա պաշտպան Մարկո Ֆարաոնիի պայմանագրի ժամկետը: Երիտասարդ ֆուտբոլիստի` «ներաձուրի»-ի հետ կնքած նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի հունիս: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ֆարաոնին իր ներկայիս թիմի կազմում անցկացրել է 6 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:
«Ինտեր»-ի շարքերը համալրեց նաև «Սակիլեզե»-ի 17-ամյա կենտրոնական պաշտպան Սամուել Ֆոլլան, որը թիմ է տեղափոխվել վարձավճարով, սակայն պայմանագրում կա կետ, ըստ որի` «Ինտեր»-ն ունի խաղացողի տրանսֆերի ձեռքբերման նախապատվության իրավունք:
Նշենք, որ Կլաուդիո Ռանիերին իր թիմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Կառլոս Տևեսին, որի տրանսֆերի ձեռքբերման կապակցությամբ «քաղաքայիններ»-ին կարող է պաշտոնական առաջարկ արվել միլանյան դերբիից հետո:








































