Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ ձախողեց այն:
Մրցումների առաջին օրը տարբեր մրցափուլերում պայքարը լքեցին Ռոման Ամոյանը (55 կգ), Արման Ադիկյանը (66 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), նրանցից ոչ ոք անգամ 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք չստացավ:
Երկրորդ օրը պայքարից դուրս մնացին Վահան Ջուհարյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (84 կգ), իսկ Յուրի Պատրիկեևը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ, սակայն առաջին իսկ գոտեմարտում զիջեց շվեդ Յոհան Եուրենին և տեղ չզբաղեցրեց անգամ լավագույն 5-յակում:
Եվ միայն այսօր` մրցումների վերջին օրը 74 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը փրկեց Հայաստանի հավաքականին կատարյալ ձախողումից: «Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել է, որ չնայաց Արսենը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց Սելչուկ Չեբիից, նա բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ, քանի որ թուրք ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ: Ի ուրախություն հայ երկրպագուները Ջուլֆալակյանը 3 գերազանց գոտեմարտ անցկացրեց և ոչ միայն արժանացավ օլիմպիական խաղերի ուղեգրին, այլև նվաճեց բրոնզե մեդալը:
Բրոնզե մեդալի համար պայքարում Արսենը նախ պարտության մատնեց Հույն Պետրոս Մանոուլիդիսին, ապա` Սլովեմիայի ներկայացուցիչ Ջուրե Կուհարին և վերջապես որոշիչ գոտեմարտում առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող Ասխատ Դիլմուհամեդովի նկատմամբ: