Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը արձագանքելով Հայաստանին սպառազինության մատակարարման մասին հարցին՝ կապված նաեւ Բաքվի դժգոհության հետ, ասել, որ Դելին լավ հարաբերություն ունի թե Երեւանի, թե Բաքվի հետ, բայց միաժամանակ փորձում է խթանել իր պաշտպանական արտադրանքի արտահանումը: Այլ կերպ ասած Հնդկաստանի պաշտոնյան ակնարկում է, որ Հնդկաստանը Հայաստանի ու Ադրբեջանի հետ բարեկամությամբ հանդերձ, նաեւ մտածում է ռազմաարդյունաբերական բիզնեսի մասին:
Ադրբեջանը անշուշտ լավ է հասկանում, որ Հնդկաստանի եւ Հայաստանի ռազմատեխնիկական հարաբերությունը լոկ բիզնես չէ Հնդկաստանի համար, այլ նաեւ արտաքին քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն, ինչպես ի դեպ ցանկացած այլ խոշոր ռազմաարդյունաբերող երկրի համար: Հնդկաստանը աշխարհաքաղաքական աճող հավակնությամբ պետություն է եւ փորձում է ընդլայնեօլ իր դերակատարումը, այդ թվում Կովկասում: Այստեղ անշուշտ առանցքային է այն, որ Կովկասը Արեւելքից դեպի Արեւմուտք կոմունիկացիոն առանցքային գոտի է եւ Հնդկաստանն այդ կոմունիկացիաների բաժանման եւ վերահսկման հարցում դեր ունենալու համար ձգտում է դեր ունենալ նաեւ Հայաստանում: Հայաստանը փորձում է օգտագործել այդ հանգամանքը եւ հնարավորինս բազմազանեցնելով շահագրգիռ խոշոր դերակատարների շրջանակը, ձեւավորել հակակշիռների միջավայր, որի միջոցով կկարողանա կառավարել անվտանգության ռիսկերը, որոնք բխում են Ադրբեջանից:
Այստեղ սակայն, Բաքվի դժգոհությունները պայմանավորված չեն անմիջականորեն այն հանգամանքով, որ հնդկական զենքի մատակարարումը լուրջ ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի համար: Անկասկած է, Բաքուն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Հայաստանին՝ հնարավորության դեպքում նույնիսկ մեկ ինքնաձիգ կամ հեռադիտակ գնելու հարցում: Սակայն, տեսանելի ապագայում իրերի դրությունն այնպիսին չէ, որ լուրջ խնդիրեր կարող է ստեղծել Ադրրբեջանի համար ռազմական բալանսի հարցում, որքան էլ դա ցավալի է խոստովանել: Բաքվի համար Հնդկաստանի հանդեպ դժգոհությունը մի կողմից Դելիից արդարացումներ կորզելն է, մյուս կողմից իհարկե Ռուսաստանի եւ Իրանի առաջ խնդիրներ դնելը, հաշվի առնելով այն շահագրգռությունը, որ նրանք ունեն Հյուսիս հարավ, կամ Սանկտ-Պետերբուրգից Մումբայ նավահանգիստ երթուղու հարցում: «Հնարելով» կոնֆլիկտ Հնդկաստանի հետ, Բաքուն թերեւս ունի այն Մոսկվայի եւ Թեհրանի վրա «վաճառելու» ակնկալիք:









































