Խոակին Կապառոսի գլխավորությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 4-րդ խոշոր հաշվով պարտությունը կրեց։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին մեր ազգային թիմը Օսլոյում կիրել էր պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունը՝ 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային։ Մինչ այդ հակառեկորդը պատկանում էր Աբրահամ Խաշմանյանին, ում օրոք մեր հավաքականը 2019 թվականի նոյեմբերին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 9։1 հաշվով զիջել էր աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային։ Կապառոսից ընդամենը 2 տարի և 4 ամիս պահանջվեց Խաշմանյանի հակառեկորդը գերազանցելու համար։ Նշենք, որ մինչև Իտալիայի հետ հանդիպումը մեր հավաքականի հակառեկորդը չէր գերազանցվել 22 տարի։ Հեռավոր 1997 թվականին Հայաստանի հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ընկերական հանդիպումներում միևնույն 0։7հաշվով զիջել էր Չիլիին և Վրաստանին։ Կապառոսի ցուցանիշը իսկապես պատմական խայտառակություն է։ Իսպանացի մասնագետի հակառեկորդը կարող է տասնամյակներ շարունակ մնալ պատմության էջերում։ Հիշեցնենք, որ Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականն առաջին խոշոր հաշվով պարտությունը կրել էր անցյալ տարվա սեպտեմբերին 0։6 հաշվով զիջելով Գերմանիային։ Աշխարհի քառակի չեմպիոնից նման հաշվով պարտվելը ոմանք որակեցին նորմալ և օրինաչափ։ Որպես օրինակ բերվում էր այն, որ նույն Գերմանիայի հավաքականը աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել էր 7։1 հաշվով։
Երկրորդ ջախջախիչ պարտությունը մեր հավաքականը կրեց արդեն 2021 թվականի նոյեմբերին Երևանում 0։5 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիային։ Տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր քան տոտալ ձախողում։ Գրանցված արդյունքը հիմք տվեց մտածելու, որ մեր ազգային թիմում կարգապահական լուրջ խնդիրներ կան։ Խայտառակ պարտությանը հաջորդած մամուլի ասուլիսում Կապառոսը ներողություն էր խնդրել երկրպագուներից։ Իսպանացի մասնագետը ներողություն խնդրեց նաև Նորվեգիայի հետ խաղից հետո։ Փաստորեն, վերջին 4 հանդիպումից 2-ից հետո Կապառոսը ստիպված է եղել հայցել ֆուտբոլասերների ներողամտությունը։ Կապառոսի ներողությանը հաջորդեց ՀՖՖ-ի հայտարարությունը, որն ըստ էության իսպանացի մասնագետին զորակցություն հայտնելու մասին էր։ Կարճ ասած ՀՖՖ-ն մտադիր չէ աշխատանքից ազատել Կապառոսին, որի հետ պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի նոյեմբերին։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Կապառոսը կլորիկ գումար ստանալով ՀՖՖ-ից արձանագրում է խայտառակ արդյունքեր, ներողություն խնդրում և շարունակում իր գործը։ Իսկ որքան է վաստակում Կապառոսը։ Տարբեր աղբյուրներից «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Կապառոսը ՀՖՖ-ից ստանում է տարեկան մոտ 600 հազար եվրո աշխատավարձ։ Նույն աղբյուների համաձայն Հայաստանի հավաքականը գլխավորած տեղացի մասնագետները ստանում էին մոտ 10 անգամ ավելի քիչ։ Մասնավորապես, Արմեն Գյուլբուդաղյանցը, որի գլխավորությամբ մեր հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հայտ էր ներկայացրել, տարեկան վաստակում էր ընդամենը 60 հազար եվրո։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ անհաջող ելույթներից հետո մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց։ Հրաժարական տվեց, քանզի ենթախմբի արգելքը հաղթահարելու հնարավորություն այլևս չկար։ Գյուլբուդաղյանցին փոխարինեց Աբրահամ Խաշմանյանը, որի գլխավորությամբ մեր հավաքականը անցկացրեց երկու հանդիպում։ Իտալիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն Խաշմանյանին ազատեց աշխատանքից։ Չվստահելով Խաշմանյանին ՀՖՖ-ի ղեկավարությունն այսօր խոսում է Նորվեգիայից 9։0 հաշվով պարտության «դիրիժորի» հետ 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ողեղգիր նվաճելու հեռանկարների մասին։ Պատկերն իսկապես աբսուրդային է։ Առաջնորդվելով երկակի ստանդարտներով, ներկայիս սուղ պայմաններում ՀՖՖ-ն աստղաբաշխական գումար է վճարում Կապառոսին ըստ էության խայտառակությունների և ներողությունների համար։
Այստեղ հարց է ծագում, ի՞նչ իմաստ ունի օտարկերիացի մասնագետին վճարել 10 անգամ ավելի շատ, եթե նույն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մեր հավաքականը մեծ հաշվով ավելի հաջող էր ելութ ունենում, չգրանցելով ամոթալի արդյունքներ։ Մեր մանկապատանեկան ֆուտբոլ այսօր գտնվում անմխիթար վիճակում, ունենք լուրջ խնդիրներ կապված ենթակառուցվածքների հետ։ Կարելի՞ է արդյուք Կապառոսին փոխարեն ազգային թիմը վստահել տեղացի մասնագետի, նրան վճարել 10 անգամ ավելի քիչ, իսկ խնայված միջոցներով զարկ տալ նույն մանկապատանեկան ֆուտբոլին, բարձրացնել երեխաների և պատանիների հետ աշխատող մարզիչների աշխատավարձը։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Խոսքը բավական մեծ գումարի մասին է, որը մեր երկրում իսկապես կարող է եղանակ փոխել։