Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել էր Արմավիրի մարզ ու եղել այն դպրոցներում, որտեղ նախորդ այցի ժամանակ հայտնաբերել էր թերություններ: Նիկոլ Փաշինյանը արձանագրում էր, որ թերությունները վերացված են: Հիանալի է: Օրական քանի՞ օբյեկտ կհասցնի այցելել Նիկոլ Փաշինյանը, կհասցնի՞ այցելել օրինակ Երեւանի փողոցների փոսալցման աշխատանքները ստուգելու, պետական ծախսով կատարվող կապիտալ այլ աշխատանքներին որակին հետեւելու: Եթե իհարկե նպատակը որակն է, այլ ոչ թե քարոզչությունը:
Որովհետեւ, եթե նպատակը որակն է, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ամենուր, այլապես, կարող է վստահ լինել՝ որտեղ չայցելի, այնտեղ լինելու են որակական խնդիրներ: Բայց, Նիկոլ Փաշինյանը ունի՞ այդքան ժամանակ, չունի՞ այլ գործ, որ պետք է այցելի եւ ստուգի դպրոցների, այլ օբյեկտների, կապիտալ ծախսերի իրականացման այլ ուղղությունների աշխատանքի որակը: Խորհրդային տարիներին կար այսպես կոչված ՕՏԿ-ի ինստիտուտը՝ որակի տեխնիկական հսկողության: Այն կար բոլոր հիմնարկներում: Իհարկե, առանձնապես որեւէ կերպ չէր ազդում խորհրդային ապրանքների որակի բարելավման վրա, բայց՝ կար:
Հիմա Հայաստանում վարչչապետը ստանձնում է ՕՏԿ-ի գործառույթ: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ պետք է լինի վարչապետի՞ գործառույթը: Կասկածից վեր է, որ պետք է խստագույն վերահսկողություն լինի պետական ծախսի ամեն մի լումայի նկատմամբ: Միայն թե, այդ վերահսկողությունը պետք է լինի համակարգային, այլ ոչ թե անհատական: Եթե չլինի այդ վերահսկողությունը ապահովող գործուն համակարգ, չի կարող գտնվել այնպիսի վարչապետ, որը ունենա շատ, թե քիչ արդյունավետ վերահսկողություն ապահովելու առնվազն ֆիզիկական ունակություն: Լավագույն դեպքում կարող է ստացվել քարոզչական էֆեկտ, այն էլ կարճաժամկետ, որովհետեւ փոքր Հայաստանում քարոզչական էֆեկտները չեն լինում մեծ ու երկար:
Պետությունները կայանում են համակարգերով, ըստ այդմ Նիկոլ Փաշինյանից, ինչպես ցանկացած վարչապետից կամ կառավարող ուժից, պահանջվում է երկրում ձեւավորել կառավարող համակարգեր, որոնք կզբաղվեն պետական ծախսի վերահսկողության գործով, իսկ վարչապետն ու մնացյալ պաշտոնյաներն էլ՝ կզբաղվեն իրենց անմիջական գործով: Հակառակ պարագայում, մենք ստանում ենք պարզապես «անհատի պաշտամունքի» ինստիտուտի յուրօրինակ մի տրանսֆորմացիա, երբ առաջին դեմքն է ստուգում աշխատանքը կախիչ առ կախիչ կամ ծորակ առ ծորակ: Պետության պաշտամունքը ձեւավորվում է համակարգերի աշխատանքով:









































