Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր գլխավոր թիմը շարունակում է մնալ որոշ մարդկանց խաղալիքը: 2002 թվականից Հայաստանի հավաքականի հետ խաղում էր Ռուբեն Հայրապետյանը: Բացի այն, որ նա միանձնյա որոշում էր մարզիչներին, միջամտում էր նաև կազմի ընտրության հարցում: Մասնավորապես, միայն Հայրապետյանի «դաբրոյով» էին մարզիչները հրավիրում ֆուտբոլիստներին: Այն խաղացողները, որոնց Հայրապետյանը, մեղմ ասած, չէր համակրում, հրավեր չէին ստանում ազգային թիմից: Այս ֆուտբոլիստների ցանկը բավական մեծ էր: Հայրապետյանի հեռանալուց հետո հույսեր արթնացան, որ ՀՖՖ նախագահը վերջապես հանգիստ կթողնի ազգային հավաքականին, բայց…
Այս տարվա սկզբին ՀՖՖ-ն կայացրեց առանցքային որոշումներից մեկը՝ տեխնիկական տնօրենի պաշտոնը վստահելով իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսին: Վերջինիս հիմնական գործառույթներից մեկը հավաքականի թիմերի համակարգումն է, որը այս ամիսների ընթացքում արվում էր: Իրականում դժվար է գնահատել Մելենդեսի կատարած աշխատանքը անցած 10 ամիսների ընթացքում, քանզի ֆուտբոլը վերակենդանացնելու համար տարիներ են պետք: Բայց այն, որ աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով, անհերքելի է: Մելենդեսի գալուց հետո մենք թևակոխել էինք մի այնպիսի հարթություն, որ գլխավոր մարզչի որոնման և ընտրության հարցում պետք է առանցքային լիներ տեխնիկական տնօրենի դերը: Հետևաբար որոշակի հանգստություն կար, որ այս անգամ մարզչի ընտրության հարցում չենք ունենա աբսուրդային պատկեր:
Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, աբսուրդային անվանելով դժվար է սահմանափակվել: Աբսուրդային կարելի է որակել, օրինակ, թաղման բյուրոյի պետ Վարուժան Սուքիասյանին երկրորդ անգամ ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակելը: Ալեքսանդր Գրիգորյանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկելը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն ոչ միայն ազգային հավաքականի, այլև հայկական ֆուտբոլի նկատմամբ: Գրիգորյանի որակներին արդեն անդրադարձել ենք և կարծում ենք՝ կարիք չկա նորից խոսելու, թե ով է այս մասնագետն ու ինչ է իրենից ներկայացնում: Խնդիրն ամենևին էլ Գրիգորյանը չէ:
Խնդիրն այն է, որ հայկական ֆուտբոլում վերահաստատվում է դիկտատորական ռեժիմը, որի սկիզբը դրել էր Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն: Հիմա փորձենք հասկանալ՝ ինչո՞վ է տարբերվում Վանեցյանը Նեմեց Ռուբոյից: Միակ տարբերությունը թերևս այն է, որ դասական դիկտատորական հատկանիշներով օժտված ՀՖՖ նախկին նախագահը տոտալ կերպով վերահսկում էր ֆուտբոլում առկա իրավիճակը: Այլ կերպ ասած՝ Հայրապետյանի օրոք չկար այն բարդակը, որը տիրում է այսօր հայկական ֆուտբոլում: Հայրապետյանի ժամանակ շատերն ուղղակի հեռու էին մնում հայկական ֆուտբոլից, ինչի հետևանքով էլ առաջնությանը մասնակցում էին 6 թիմեր: Այսօր Հայաստանի առաջնությանն ով ուզում՝ մասնակցում է և ինչ ուզում՝ անում է: Վանեցյանը ևս փորձում է անել այն, ինչ ուզում է, սակայն իրավիճակին չի տիրապետում: Սա է թերևս միակ տարբերությունը:
Ամենավտանգավորը, սակայն, այն է, որ Վանեցյանի թեթև ձեռքով մեր ֆուտբոլի, մեր հավաքականի վրա փորձում են ներազդել Ռուսաստանում բնակվող, այսպես կոչված, փողատերերը, ինչպիսին, օրինակ, Ջևան Չելոյանցն է: Այս անձը երեկ նույնիսկ իր դիրքորոշումն էր հայտնել Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ՝ հայտարարելով, որ թե՛ ինքը և թե՛ Ռուսաստանի շատ հայեր կողմ են, որ այս մասնագետը նշանակվի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Ո՞վ է Չելոյանցը, որ դիրքորոշում հայտնի կարևորագույն խնդրի վերաբերյալ: Չելոյանցը ունի թիմ, որը հայտնի է Եվրոպայում 8:0 և ավելի խոշոր պարտություններով: Կարծում ենք՝ շատ ավելի ընդունելի կլինի, որ Չելոյանցը զբաղվի իր 8:0-անոց թիմով և դիրքորոշում հայտնի իր մարզիչների մասին: Կարծում ենք նաև՝ ամենևին էլ պետք չէ Չելոյանցների կարծիքը երկրպագուների վզին փաթաթել:
Իսկ որն է ստեղծված իրավիճակից ելքը: Ակնհայտ է, որ Գրիգորյանին չնշանակելով կամ նշանակումից հետո հեռացնելով՝ որևէ դրական տեղաշարժ տեղի չի ունենա: Ելքը մեկն է՝ Արթուր Վանեցյանը պետք է անհապաղ հեռացվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Հայկական ֆուտբոլը կոլապսում է, ինչը հղի է ծանր և անդառնալի հետևանքներով: Մեզ արդեն հեգնում են, և հակադարձել ուղղակի չենք կարող:
«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կանանց ֆուտբոլից մարդու նշանակելն անհարգալից վերաբերմունք կլինի ազգային ընտրանու խաղացողների նկատմամբ: Հարկավոր չէ նման բան անել, որպեսզի նրանց վրա չծիծաղեն, ասեն՝ աղջիկներ են: Դա հոգեբանության հարց է: Տեղյակ չեմ՝ արդյոք Գրիգորյանի թեկնածությունը Ջևան Չելոյա՞նցն է պնդում, թե՞ ոչ, բայց կարող եմ ասել, որ այդ մարզիչը չի համապատասխանում Հայաստանի հավաքականին: Գրիգորյանին լավ եմ ճանաչում, նրա հետ շփվել եմ: Նրա ոճի մեջ է գալ որևէ մեկի մոտ, «ինչ-որ տեղ մտնել» և սկսել գովել ինքն իրեն… լավ լեզու ունի: Բոլորին ասում է այն, ինչ այդ մարդիկ ուզում են լսել, բայց երբ ժամանակ է անցնում, մարդիկ տեսնում են նրա սուտը: Ցույց տվեք, թե նա որտեղ է հաջողության հասել»,- հայտարարել է հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը:
Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: