ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստվում է «հեղափոխություն» կատարել սպորտի ոլորտում:
Լրագրողների հետ հանդիպմանն առաջիկա անելիքներից խոսեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: «Գալիք անելիքների մեջ պլանավորում ենք «Տուր դե Հայաստան» (ամենահանրաճանաչ համաշխարհային հեծանվային մրցաշարի՝ «Տուր դե Ֆրանս»-ի օրինակով-խմբ.) անցկացնել հեծանվավազքում, որը կդարձնենք ավանդական: Մրցաշարը պլանավորում ենք անցկացնել օգոստոսին: Կլինի նաև կրոսավազք, որին կմասնակցեն 10 հազարից ավելի մարզասեր»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:
Ղազարյանին խոսքով` նախարարությունը պատրաստվում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել, որը հնարավոր է ամբողջովին խմբագրվի: «Քաղաքաշինության կոմիտեի հետ ունենք պայմանավորվածություն, որ կառուցենք երեխաների համար նախատեսված հատուկ մարզաբազաներ: Որտեղ ներառված կլինեն մի քանի մարզաձևերի մարզահամալիրներ` լողավազան, հրաձգարան և մարզադահլիճներ: Այն պետք է կառուցվի բոլոր համայնքներում»,-առանձնացրեց նա:
Նախարարություն պլանավորում է ստեղծել «Բարձրագույն վարպետության դպրոց», որտեղ գործունեություն կծավալեն 18 տարեկանից բարձր մարզիկները և մարզիչները: Ինչպես նաև միասնական դաշտ են բերվելու բոլոր մարզադպրոցները. ասել է թե, մարզադպրոցների մասնագետները և մարզիչները կվճարվեն միասնական չափորոշիչներով: