Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» այսօր կայանալիք խաղից առաջ անդրադարձել է հանդիպմանը:
«Ես հանգիստ եմ ինչպես այսբերգը: Գիշերը հրեշտակի պես եմ քնել: Հանգիստ քնի առումով սա իմ մարզչական կարիերայի լավագույն շրջանն է:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին «Բեռնաբեու»-ում ավելի ուժեղ են սուլում, քան այլ թիմերի խաղացողների, և դա բնական է: Դա ֆուտբոլի գեղեցկությունն է, և ես անհանգստանալու առիթ չեմ տեսնում, քանի որ դա կրքերի արտահայտում է: Այլ կերպ չի էլ կարող լինել. եթե մեզ Մադրիդում չսուլեին, կստեղծվեր ծիծաղելի իրավիճակ: Ինձ դուր է գալիս այդպիսի խաղերի մթնոլորտը:
Հիմա 12-րդ տուրն է: Շատ հետաքրքիր խնդիր է «Ռեալ»-ից միավորներ կորզելը. դա ավելի է մոտիվացնում, սակայն ամեն դեպքում որոշիչ խաղ չէ: «Սանտիագո Բեռնաբեու»-ն մարզադաշտ է, որում հաղթանակ տանելը մեծագույն ուրախություն է պարգևում «Բարսելոնա»-ի երկրպագուներին»,- մասնավորապես ասել է Լուիս Էնրիկեն:







































