AP-ի հաղորդմամբ` թեթև քաշային կարգում WIBF և WIBA վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնուհի Ռոլա Էլ-Խալաբին հրազենային վնասվածք է ստացել իր հերթական մարտից առաջ:
Գերմանիան ներկայացնող 25-ամյա մարզուհին ուրբաթ օրը պետք է մենամարտեր բոսնիացի Իրմա Բալիյաջիչ Ադլերի հետ, երբ հանդերձարան է մտնել 44-ամյա մի տղամարդ և կրակել Էլ-Խալաբիի ձեռքին, ծնկին ու ոտնաթաթին: Ոստիկանության տարածած տվյալների համաձայն` կրակող տղամարդը Էլ-Խալաբիի խորթ հայրը և նախկին գործակալն է եղել:
Բացի չեմպիոնուհուց` տուժել են նաև նրա երկու թիկնապահները: Նրանց երեքին էլ անմիջապես հիվանդանոց են տարել ու վիրահատել: Այժմ նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: