Ինչպես հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) պաշտոնական կայքը` այդ կազմակերպության Արտակարգ հանձնաժողովը որոշում է ընդունել դադարեցնել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը` պետության կողմից վերջինիս գործերին միջամտելու պատճառաբանությամբ: Այսպիսով, նիգերիական և ոչ մի թիմ իրավունք չունի մասնակցելու մայրցամաքային կամ միջազգային ընկերական և պաշտոնական որևէ խաղի, այդ թվում` ակումբային մակարդակի: Մինչև արգելքի վերացումը Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաները հնարավորություն չեն ունենա մասնակցել ՖԻՖԱ-ի կամ Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող ծրագրերին կամ դասընթացներին:
Այս պատժամիջոցի պատճառ է հանդիսացել այն, որ պետական մարմինները միջամտել էին Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին` քրեական գործեր հարուցելով ՆՖՖ Գործկոմի անդամների նկատմամբ, իսկ Նիգերիայի Ազգային մարզական կոմիտեի պահանջով ՆՖՖ գլխավոր քարտուղարը հրաժարական էր տվել: ՖԻՖԱ-ի օրենքներով `պետությունն իրավունք չունի միջամտելու ազգային ֆեդերացիայի աշխատանքներին, այլապես կկիրառվեն պատժամիջոցներ, ինչը և ՖԻՖԱ-ն իրականացրել է: