Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Մետալուրգ»-ը, որը 11 խաղերից հետո վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, մրցակցի հարկի տակ կպայքարի «Վոլին»-ի դեմ, որն իր ակտիվում ունի 15 միավոր և «Տավրիա»-ի հետ բաժանում է 8-9-րդ տեղերը: Գևորգ Ղազարյանը դոնեցկյան ակումբի կազմում անցկացրած 10 խաղերում 3 գոլ է խփել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին կայացած «Շախտյոր» – «Իլիչևեց» խաղն ավարտվեց 2:1 հաշվով, իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հետ արտագնա խաղում կփորձեն հաջողության հասնել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Մարկոս Պիզելին ու Արազ Օզբլիլիսը, որոնք իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 2 և 3 խփած գոլ: Կրասնոդարի մյուս՝ համանուն ակումբը Յուրա Մովսիսյանի օգնությամբ կփորձի սեփական հարկի տակ պարտության մատնել «Ալանիա»-ին: Թիմերի կազմերում հանդես են գալիս Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուները՝ Յուրա Մովսիսյանն ու Դանիլո Նեկոն, որոնք 11-րդ տուրից հետո իրենց ակտիվում ունեն հեղինակած 9-ական գոլ:








































