«Միլան»-ի անհաջողությունների շղթան շարունակվում է, նաև` խաղադաշտի սահմաններից դուրս: Երեկ մարզման ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և նրա նախկին սան Ֆիլիպո Ինձագիի միջև վեճ է ծագել, որը կարող էր ծեծկռտուքի վերածվել:
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալեգրին եկել է Ինձագիի գլխավորած երիտասարդական թիմի մարզմանը: Միմյանց ողջունելու փոխարեն` նրանք սկսել են վիճաբանել: Ինձագին մեղադրել է Ալեգրիին աշխատանքին անլուրջ վերաբերվելու մեջ: «Ռոսսոներիներ»-ի գլխավոր մարզիչն էլ հայտարարել է, որ Ինձագիին հետաքրքրում է միայն իր տեղը «Միլան»-ի նստարանին:
«Միջադեպն արդեն հարթված է»,- հայտարարել է «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
Լուրեր են շրջանառվում, որ «Ուդինեզե»-ի հետ հանդիպումը կորոշի Ալեգրիի հետագա ճակատագիրը:







































