Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է բազկամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը դարձել են չեմպիոն, մեկը նվաճել է արծաթե մեդալ:
Երևանի ժամանակով 03:30-ին հավաքականը վերադարձավ Երևան: Չնայած ուշ ժամին, «Զվարթնոց» օդանավակայանը մարդաշատ էր: Չեմպիոններն արժանի ընդունելության արժանացան:
23-ամյա Աշոտ Ադամյանը, ով նաև աշխարհի քառակի չեմպիոն է, կիսաեզրափակչում առավելության է հասել աշխարհի հնգակի չեմպիոն թուրք բազկամարտիկի նկատմամբ: Ադամյանը նշեց, որ մրցաշարը բավականին բարդ էր:
«Բարդ մրցաշար էր, բայց նորից հաջողվեց չեմպիոն դառնալ: Մրցավարության հետ կապված խնդիրներ լինում են, բայց այս անգամ ամեն ինչ նորմալ էր: Կիսաեզրափակչում հաղթել եմ բավականին ուժեղ մրցակցի: Նա ներկայացնում էր Թուրքիան:
Այժմ նախապատրաստվում ենք աշխարհի առաջնությանը: Մարզվում եմ մենակ, անհատական մարզիչ չունեմ: Շարունակելու ենք ջանասիրաբար մարզվել ու ձգտել նոր հաղթանակների»,- նշեց Ադամյանը: