ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը:
105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց: 18-ամյա ծանրորդն առաջին մոտեցմամբ հաղթահարել է 180 կգ: Երկրորդ մոտեցմամբ նա կատարել է 6 կիլոգրամանոց հաջող քայլ. 186 կգ-ն նույնպես գլխավերևում էր: Ցավոք, անհաջող էր Մարտիրոսյանի երրորդ մոտեցումը: Նա չկարողացավ բարձրացնել 191 կգ-ը՝ հիմնական մրցակիցներին հնարավորություն տալով զգալիորեն առաջ անցնել:
Հրում վարժությունում Մարտիրոսյանի մեկնարկային քաշը 216կգ էր: Առաջին երկու մոտեցումները ձախողելուց հետո նա հայտնվել էր 0 ստանալու վտանգի առջև, սակայն երրրոդ մոտեցմամբ ծանրորդը կարողացավ կենտրոնացնել ուժերն ու հաղթահարել քաշը: Երկամարտի 402 կգ արդյունքով 18-ամյա Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 5-րդ տեղը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Զայչիկովը: Նրա ակտիվում կար երկամարտի 421 կգ (191+230կգ): Նշենք, որ առաջնությունը բաց է թողնում աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, մի շարք ռեկորդների հեղինակ Իլյա Իլինը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա չի հաղթահարել դոպինգ ստուգումը: