1in.am Sport-ի զրուցակիցն է սպորտային կարատեի Եվրոպայի ուսանողական առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Էրիկ Գևորգյանը։
Ի՞նչ խնդիրներ ունի մարզաձևը Հայաստանում, որոնց լուծումն առաջնային եք համարում։
Այսօր, ցավոք սրտի, Հայաստանում կա սոցիալական մեծ խնդիր: Շատ նորմալ եմ համարում, երբ երիտասարդները ուսման ընթացքում ժամանակավոր աշխատանքի են անցնում: Ինքս չեմ ամաչում որևէ գործ անելուց, բայց, իսկապես, չունեմ այդ ժամանակը: Եթե մարզիկը գեթ մեկ օր չհետևի իր սննդակարգին, չմարզվի, կամ այլ աշխատանք անի, որի պատճառով կսպառի իր էներգիան, ապա կունենանք այն պատկերը, որը մենք այսօր ունենք: Հուսով եմ, որ կգտնվեն անհատներ, ովքեր կաջակցեն մարզաձևի զարգացմանը, քանի որ մենք մեր դրոշն ենք բարձրացնում աշխարհի հեղինակավոր մրցումներում։
Ինչպես տեսնում եմ, դժվարությամբ եք հովհանավոր գտնում: Չե՞ք համագործակցում որևէ ընկերության հետ:
Այո, ձեր դիտարկումը շատ տեղին է, իսկ համագործակցության առումով կարող եմ ասել, որ նախնական հանդիպել եմ որոշ սպորտային խանութների, ներկայացուցիչների հետ: Առայժմ անուններ չեմ ուզում տալ, բայց հուսով եմ՝ կգտնենք համագործակցության եզրեր և Ձեզ հետ հաջորդ հարցազրույցին կկարողանամ ասել այդ ընկերությունների, կամ անհատ բարերարների անունները, որոնք կաջակցեն ինձ Հայաստանը ներկայացնել աշխարի տարբեր անկյուններում:
Մարզաձևը մեր երկրի համար ավելի մեծ կարևորություն կունենա, եթե ընդգրկվի Օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս առթիվ կա՞ն նորություններ։
Օրեր առաջ տեղի ունեցած միջազգային քննարկումների և որոշման արդյունքում մարզական կարատեն մտցվեց օլիմպիական սպորտաձևերի մեջ, իսկ առաջին մասնակցությունը տեղի կունենա 2020 թվականին՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Որո՞նք են կարևորագույն հաջողությունները քո կարիերայում։
Իմ հաջողությունները սկսվեցին մեր մրցաշարերից: Հաջորդաբար ՀՀ բաց առաջնություններում եղա առաջատար, այնուհետև շնորհիվ անհատ բարերարների հնարավորություն ունեցա մասնակցելու տարբեր միջազգային մրցաշարերի, որոնցից նշանակալին Ճապոնիայում անցկացված մրցմանը նվաճեցի ոսկե մեդալ: Ի շնորհիվ պարոն Աշոտյանի՝ հնարավորություն ունեցա մասնակցելու Եվրոպայի Համալսարանական աջառնությունը, որտեղ շատ կարևոր ձեռքբերում եղավ` դարձա բրոնզե մեդալակիր: Հաջողության եմ հասել Հունգարիաում, Էստոնիայում, Ուկրանիայում, Վրաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլն: Իսկ իրական հաջողությունները, որոնք պատիվ ու բարձր համբավ պետք է բերեն մեր երկրին՝ առջևում են:
Էրիկ Գևորգյանի գեղեցիկ հաղթանակը միջազգային մրցաշարում՝ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ՝ 8։0 հաշվով
Ո՞րն է հաջորդ մրցաշարը, որին մասնակցելու եք։
Նոյեմբերի 11-15-ն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի կունենա մարզական կարատեյի պատանիներիևերի և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Եթե ամեն ինչ ընթանա բարեհաջող, ապա մրցաշարին կարատեի Հայաստանի հավաքականը կմեկնի 3 մարզիկով, և 60 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեմ ես:
Ինչպե՞ս է անցնում նախապատրաստական ծրագիրը։
Նախապատրաստական մարզումներն անցնում են շատ լավ և հագեցած: Օրվա ընթացքում ունենում եմ 2-ից 3 անգամյա մարզումներ: Շուտով նորից կլինեն նաև ուսումնամարզական հավաքներ, որոնք էլ ավելի կնպաստեն մարզավիճակիս բարելավմանը: Հարկ եմ համարում այդքանից բացի նշել, որ թեև մարզիկ եմ, բայցևայնպես ոչ պակաս ուշադրություն եմ դարձնում իմ համալսարանական կրթությանը: Եվ որքան էլ որ կարևորեմ կարատեն, միևնույն է՝ դա իմ կրթության հաշվին չեմ զարգացնելու: Ինչ խոսք, դժվար է, բայց մեր ակումբում այդ ամենը միշտ առաջնային է էղել: Արդյունքի հասնելու միակ ճանապարհը դժվարության միջով անցնելու և այն հաղթահարելու մեջ եմ տեսնում: