Հուլիսի 9-ին «Ալաշկերտ»-ը Շոտլանդիայի Պերտ քաղաքում կանցկացնի ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի Որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը «Սենթ Ջոհնսթոն»-ի հետ, տեղեկացնում է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը։
Այդ խաղը տեղի կունենա «ՄակԴիարմիդ Փարկ» մարզադաշտում, որը «Սենթ Ջոհնսթոնի» տնային խաղերի արենան է և ունի մոտ 10000 նստատեղ։
Երևանյան հաղթական խաղից հետո (1:0) «Ալաշկերտ»-ը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ «Նաիրի» մարզադաշտում մարզումներ է անցկացնում։ «Ալաշկերտ»-ը հեռավոր ուղևորության կմեկնի հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը՝ Երևան-Աբու Դաբի-Էդինբուրգ-Պերտ երթուղով և մրցավայր կհասնի հուլիսի 8-ին վաղ առավոտյան։
Նույն օրը երեկոյան ժամը 18։30-ին պլանավորված է Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը՝ մեկ ֆուտբոլիստի մասնակցությամբ, և 19։00-ին տեղի կունենա «Ալաշկերտ»-ի նախախաղային մարզումը «ՄակԴիարմիդ Փարկ» մարզադաշտում։ Հաջորդ օրը հուլիսի 9-ին ժամը 19։45-ին կմեկնարկի «Սենթ Ջոհնսթոն» – «Ալաշկերտ» հանդիպումը։