Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Լիտվային կրած պարտությունը կրկին անգամ զայրույթի ալիք բարձրացրեց երկրպագուների շրջանում: Ֆուտբոլասերը կարծես թե ուզում էր վերադառնալ «Հանրապետական» մարզադաշտ, բայց… Տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էինք վախենում: Գրանցվեցին, ցավոք սրտի, տրամաբանական և սպասելի արդյունքներ:
Ֆուտբոլային չինովնիկները կասեն, որ խաղերն ընկերական էին, և որ գլխավոր նպատակը փորձարկումներն էին: Երբ խաղադաշտում գերիշխում են մառազմն ու խոտանը, փոփոխությունների կամ փորձարկումների մասին խոսելը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա:
Լիտվայի դեմ ցուցադրած մղձավանջային ֆուտբոլից հետո կրկին օրակարգային դարձավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և մասնավորապես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Օրակարգային է, քանզի հերթական անգամ համոզվեցինք, որ գործող համակարգում ոչինչ չի փոխվել և չի կարող փոխվել: Այս համակարգի պայմաններում մեր հավաքականն ուղղակի դատապարտված է տապալման:
Փորձենք հասկանալ, թե ինչու: «Յուրա Մովսիսյանը փոխել է ակումբային գրանցումը և հիմա խաղում է Եվրոպայում։ Կարո՞ղ է այդ փաստը ազդել նրան հավաքական չհրավիրելու փաստի վրա»,- Լիտվայի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Պետրոսյանին հարցրեց լրագրողներից մեկը: «Յուրա Մովսիսյանի հրավիրման հարցը փակված է ֆեդերացիայի նախագահի կողմից: Չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- պատասխանեց Արթուր Պետրոսյանը:
Նման պատասխանը կրկին անգամ վկայում է, որ Արթուր Պետրոսյանը ուղղակի մարզիչ չէ: Կարո՞ղ են արդյոք ազգային հավաքականի ֆուտբոլիստները ներքուստ հարգել մի մասնագետի, որը Ֆեդերացիայի նախագահի ձեռքի գործիքն է և համարձակություն չունի հրավիրելու Մովսիսյանի պես ֆուտբոլիստին: Նման մթնոլորտում կարո՞ղ է արդյոք ազգային հավաքականը պայքարել Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթողի կոչման համար: Բնականաբար, ոչ:
2012 թվականի Եվրոպայի առաջնության շեմին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրաժարական տվեց: Իտալացի մասնագետը հեռացավ, քանզի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ռասիստական պահվածքի համար Ջոն Թերիին զրկել էր ազգային հավաքականի թևկապից: «Թերին լավագույն ֆուտբոլիստներից է: Անգլիան չունի նրա պես պաշտպան: Շատ կարևոր էր հավաքականում ունենալ Թերիի պես ֆուտբոլիստ: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չի կարող խաղալ ազգային հավաքականում: Ես չգիտեմ՝ ինչն է Թերիի մեղքը: Երբ հետաքրքրվեցի՝ մեղավո՞ր է արդյոք Թերին, ինձ ասացին՝ ոչ: Այդժամ էլ ասացի՝ ո՞վ եք դուք, որ առանց դատարանի վճռի և առանց ինձ հետ խորհրդակցելու ազգային թիմից հեռացնեք իմ ֆուտբոլիստին»,- ասել էր Կապելոն:
Նշենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան քննարկումներից հետո ոչ թե հեռացրել էր Թերիին, այլ զրկել ազգային հավաքականի ավագի թևկապից: Այստեղ հարց է ծագում՝ ինպե՞ս է և ինչո՞ւ է առանց դատարանի վճռի Հայրապետյանը ծանր հանցագործության մեջ մեղադրում Մովսիսյանին և թույլ չի տալիս մարզիչներին հրավիրել նրան հավաքական: Պատկերացնենք՝ եթե հավաքականն ունենա մարզիչ: Նա, բնականաբար, ազգային թիմ կհրավիրի Մովսիսյանին, քանզի նրա պես հարձակվող պարզապես չունենք: Որևէ մարզիչ ուղղակի չի ընկալի, թե ինչպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է իրեն ուղղորդել խաղացողների հարցում:
Պատկերացնենք՝ ինչ կլիներ, եթե Հայրապետյանը Կապելոյին թույլ չտար Մովսիսյանին հրավիրել ազգային թիմ: Բնականաբար, հաջորդելու էր իտալացի մարզչի հայտնի պատասխանը. «Ո՞վ եք դուք, որ առանց դատարանի վճռի թիմից հեռացնեք իմ ֆուտբոլիստին»:
Բերված օրինակը, կարծում ենք, խոսում է մարզչի և Արթուր Պետրոսյանի տարբերության մասին: Հայրապետյանը, որը թքած ունի հասարակության կարծիքի վրա և չի պատրաստվում հեռանալ, քաջ գիտակցում է, որ Պետրոսյանը մարզիչ չէ: Բայց ո՞ւմ նշանակել Պետրոսյանի փոխարեն: Իրեն հարգող ո՞ր մասնագետը կգլխավորի Հայաստանի հավաքականը՝ համաձայնելով, որ հրավիրած խաղացողների ցուցակը գրի Ռուբեն Հայրապետյանը: Եթե վերջինիս նույնիսկ հաջողվի գտնել Պետրոսյանին փոխարինողի, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի: Տիրող մթնոլորտն ու ֆուտբոլիստների կարծիքը նոր մարզչի նկատմամբ կմնա նույնը:
Արժանապատվություն ունեցող որևէ մասնագետ չի աշխատի տիրող ռեժիմում: Ցավով պետք է արձանագրենք, որ քանի դեռ արմատական փոփոխություններ չեն նշմարվում, Լիտվայի պես մղձավանջային հանդիպումները շարունակական են լինելու: Երկրպագուի համար մղձավանջի է վերածվելու նաև Ազգերի լիգայի խաղարկությունը: Մեր հավաքականի ֆուտբոլիստները ֆուտբոլիստներ են, և նրանց մեղադրելը ճիշտ չի լինի: Չենք կասկածում՝ եթե տեղի ունենա համակարգային փոփոխություն, և փոխվի մթնոլորտը՝ նրանք կսկսեն խաղալ: Կխաղան շատ ավելի լավ, հանուն պետության պատվի: