Վերջին օրերի ֆուտբոլային գլխավոր իրադարձությունը ազգային հավաքականների միջև տեղի ունեցած ընկերական հանդիպումներն էին: Գրանցվեցին մի շարք ուշագրավ արդյունքներ: Իսպանիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Արգենտինային, իսկ բրազիլացիները հյուրընկալվելիս նախ 3:0 հաշվով հաղթեցին Ռուսաստանին, այնուհետև 1:0 հաշվով՝ Գերմանիային:
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանում Էստոնիայի հետ ոչ-ոքի՝ 0:0 խաղալուց հետո, մարտի 27-ին խայտառակ պարտություն կրեց՝ 1:0 հաշվով զիջելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 147-րդ հորիզոնականում գտնվող Լիտվային: Տեղի ունեցած մրցավեճերից հայ ֆուտբոլասերին առաջին հերթին հետաքրքրում են հարևան երկրների հավաքականների, ինչպես նաև Ազգերի լիգայի խաղարկությունում մեր մրցակիցների գրանցած արդյունքները:
Եվ այսպես. Երևան ժամանելուց առաջ Լիտվայի ազգային թիմը Թբիլիսիում 4:0 հաշվով զիջել էր Վրաստանին: Վերջինս հարևան երկրների շարքում աչքի ընկավ տպավորիչ և վստահ ելույթներով: Մարտի 27-ին վրացիները 2:0 հաշվով առավելության հասան Էստոնիայի նկատմամբ: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ սլովակ մասնագետ Վլադիմիր Վայսի գլխավորությամբ Վրաստանի հավաքականը վերելքի փուլում է և Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնում ֆավորիտների շարքում է:
Նույնը չենք կարող ասել Հայաստանի հավաքականի մասին: Վերջինս նահանջելու տեղ այլևս չունի և այս պահին Եվրոպայի ամենաթույլ հավաքականների շարքում է: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային թիմի ղեկը վստահել է Եվրոպայում ճանաչված մասնագետի: Վերջինիս գլխավորությամբ Սլովակիան ելույթ է ունեցել 2010 թվականի աշխարհի առաջնությունում: Բնական է, որ հմուտ և բանիմաց մասնագետի գլխավորությամբ վերելքի ու հաջողությունների հավանականությունը շատ ավելի մեծ է: Հիմա կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականի բախտն ուղղակի բերել է, որ Ազգերի լիգայի խաղարկությունում Վրաստանի հետ չի ընդգրկվել միևնույն ենթախմբում:
Մեր ընտրանին իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրել էր հենց Վրաստանից: 1997 թվականի մարտի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցած հայտնի մրցավեճում մերոնք զիջել էին 7:0 հաշվով: Այսօր կան բոլոր նախադրյալները, որ այդ արդյունքը կրկնվի սկզբունքային մրցակցի հետ պայքարում: Այո, Վրաստանի հետ կարող ենք հանդիպել Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆում: Բայց, դատելով մեր հավաքականի ներկայիս վիճակից, անհավանական է թվում, որ Արթուր Պետրոսյանի թիմը կհաղթահարի կարևոր այս մրցաշարի խմբային փուլը:
Ինչևէ, հարևան երկրներից Ադրբեջանը սեփական հարկի տակ 1:0 հաշվով Բելառուսին զիջելուց հետո Թուրքիայում ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակից մեր ենթախմբի ֆավորիտ Մակեդոնիայի հետ: Եթե Բելառուսի հետ ադրբեջանցիները լուրջ խնդիրներ ունեին, ապա հաջորդ խաղում գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովին հաջողվել էր կարգավորել և կայունացնել խաղը:
Ցավով պետք է արձանագրենք, որ թե՛ Մակեդոնիան և թե՛ Ադրբեջանը այսօր անհամեմատ ավելի ուժեղ են Արթուր Պետրոսյանի խղճուկ թիմից: Մակեդոնացիները վերջին անգամ պարտություն են կրել անցյալ տարվա հունիսին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ լարված պայքարում 1:2 հաշվով զիջելով Իսպանիային: Ադրբեջանի հետ խաղից առաջ Մակեդոնիան ոչ-ոքի՝ 0:0 էր խաղացել Ֆինլանդիայի հետ:
Ազգերի լիգայի խաղարկությունում մեր մյուս մրցակիցներից Ջիբրալթարը, որը մի քանի այլ հավաքականների հետ կիսում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի վերջին հորիզոնականը, սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել Լատվիայի նկատմամբ: Նշենք, որ պատմության մեջ սա Ջիբրալթարի 2-րդ հաղթանակն էր: Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ՝ Ջիբրալթարում հավանաբար լուրջ աշխատանքներ են տարվում ազգային թիմի խաղն ուժեղացնելու համար: Լատվիայի հավաքականը դասակարգման աղյուսակում գերազանցում է Լիտվային և այս պահին 131-րդն է:
Գրանցված արդյունքները ստիպում են ենթադրել, որ եթե գլխավոր մարզչի փոփոխություն տեղի չունենա, ապա մեր հավաքականը դժվար թե հաղթի նույնիսկ Ջիբրալթարին: Պետրոսյանի թիմն այս պահին կարող է «ոտք գցել» թերևս Լիխտենշտեյնի հետ, որը վերջին խաղերում ոչնչով աչքի չընկավ: Գաճաճ պետության հավաքականը նախ 1:0 հաշվով զիջել էր Անդորրային, այնուհետև 3:0 հաշվով՝ Ֆարերներին:
Ազգերի լիգայի խաղարկության D խմբի հավաքականներից կարելի է առանձնացնել նաև Բելառուսին: Ադրբեջանցիներին Բաքվում հաղթելուց հետո բելառուսները հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության են հասել Սլովենիայի բավական ուժեղ հավաքականի նկատմամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանում տեղի ունեցած սկանդալային խաղում Բելառուսը Երևանում 4:1 հաշվով զիջել էր Հայաստանի ազգային հավաքականին:
Ազգերի լիգայի խաղարկությունը սկսվելու է այս տարվա սեպտեմբերին: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականը ևս երկու ընկերական հանդիպում պետք է անցկացնի: Հուսանք, որ առաջիկա հանդիպումներում մերոնք ելույթ կունենան նորմալ մասնագետի գլխավորությամբ:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի