ԱՄԻ «Նովոստի Արմենիի» լրատվական գործակալությունը, հղում անելով հայկական լրատվամիջոցներին, գրում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է դատի տալ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ ֆրանսիացի Բեռնար Կազոնիին:
Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը Կազոնին ստանձնել է 2004 թվականին: 9 ամիսների ընթացքում նրա գլխավորությամբ անցկացրած 8 հանդիպումներից 6-ում թիմը պարտություն է կրել, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով և հաղթել է միայն Անդորրայի հավաքականին:
Հեղինակավոր France football պարբերականին տված հարցազրույցում Կազոնին ասել էր, որ Հայաստանում իր անհաջողությունների պատճառը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է եղել: «Մեզ Հայաստանի հավաքականից հեռացրեցին առանց պատճառի: Մենք վատ չէինք աշխատում` իմ օգնական Բեռնար Պարդոյի հետ: Ես պարզապես հրաժարվում էի կատարել Հայրապետյանի հրամանները` կապված հավաքականի հետ: Արդյունքում ինձ հեռացրին»:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայրապետյանը պատրաստվում է դատի տալ ֆրանսիացի մասնագետին` նրանից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով 2.5 մլն դոլար:
«Առաջին լրատվականը» փորձեց ճշտել լուրի հավաստիությունը, բայց ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից ասացին, որ իրենք չեն մեկնաբանում այդ լուրը: