Խորվաթիայում հունիսի 16–ին կմեկնարկի Եվրոպայի ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Այդ ստուգատեսում հանդես կգա նաև Հայաստանի հավաքականը: Ըմբիշների ընդհանուր պատրաստականության մասին լիարժեք պատկերացում տվեց Դաղստանի Խասավյուրտ քաղաքում անցկացված «Բարեկամություն, խաղաղություն Կովկասում» անվանումով միջազգային մրցաշարը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց, որ քաշային յուրաքանչյուր կարգում հայտավորված էին 30 և ավելի մասնակիցներ: Հատկապես ուժեղ էին ՌԴազատ ըմբշամարտի կենտրոն հանդիսացող Դաղստանի ներկայացուցիչները:
Ապագա հեղինակությունների միջև պայքարը չափազանց լարված էր և դիտարժան: Լավ է, որ փորձությանը դիմացան մեր տղաները։ Երևանցի Վոլոդյա Ֆրանգուլյանը ( 60 կգ) հաղթեց իր բոլոր չորս մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Դժգոհելու տեղիք չտվեցին նաև նրա համաքաղաքացիներ Գոռ Գրիգորյանը (63 կգ) Վիկտոր Կազիշվիլին ( 96 կգ), արմավիրցի Արտակ Հովհաննիսյանը (55 կգ) և ախուրյանցի Դավիթ Ափոյանը (74 կգ), որոնք դարձան երրորդ մրցանակակիր: