Դեռևս Չինաստանի և Բահրեյնի Գրանդ Պրիների ժամանակ լրագրողները ուշադրություն էին դարձրել շվեյցարական բոլիդի վրա զետեղված Out the Blue և True Blue գրանշումներին, ինչը Sauber-ի և «Չելսի»-ի համագործակցության մասին մտորելու տեղիք էր տվել:
Այսօր Sauber-ի ղեկավարությունը հայտնել է, որ Ռոման Աբրամովիչի թիմի տարբերանշանները կարելի է տեսնել C31 բոլիդների վրա արդեն Իսպանիայի Գրանդ Պրիի ընթացքում: Բացի այդ, լոնդոնյան ակումբի տնային մարզադաշտի՝ «Ստամֆորդ Բրիջ»-ի գովազդային վահանակների վրա էլ կտեղադրվեն շվեյցարական մեքենայի տարբերանշանները:
Անգլիական ակումբի ղեկավարները հաշվի են առել, որ Ֆորմուլան շատ մեծ տարածում ունի աշխարհում՝ հատկապես Ասիայում, և դրա շնորհիվ փորձում են այդ տարածաշրջանից ավելի մեծ քանակությամբ երկրպագուներ գրավել: Միտում կա նաև բարձրացնել Լատինական Ամերիկայի երկրպագուների հետաքրքրությունը, քանի որ Sauber-ի կազմում հանդես է գալիս վերջին շրջանում հաջողությունների հասած Սերխիո Պերեսը: