UFC-ի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն իր հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 21-ին Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում` M-1 Global մրցաշարի շրջանակներում: Այդ մասին ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է M-1 մրցաշարերի նախագահ Վադիմ Ֆինկելշտեյնը:
«Ես դեռևս չեմ կարող ասել, թե ով կլինի նրա մրցակիցը, սակայն մոտ ապագայում կհայտարարենք նրա անունը: Ներկայումս Ֆյոդոր և Ալեքսանդր Եմելյանենկոները մարզական հավաք են անցկացնում Հոլանդիայում: Միայն մի բան կարող եմ ավելացնել. մրցույթը անտարբեր չի թողնի ոչ մեկին»,- ասել է Ֆինկելշտեյնը:
Հիշեցնենք, որ ռուս մարզիկն իր վերջին մենամարտը անցկացրել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին Ճապոնիայում: Մարտն ավարտվեց առաջին ռաունդում: Եմելյանենկոն նոկաուտի ենթարկեց Սատոսի Իսիին: