Լիմասոլում ավարտվեց Հայաստանի հավաքականի՝ 2012 թվականի երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց Կանադայի ազգային թիմի հետ խաղում:
Առաջին խաղակեսում Քևին Մաքկենայի խփած գնդակին 23-րդ րոպեին իր գեղեցիկ գոլով պատասխանեց Մարկոս Պիզելլին: Երկրորդ խաղակեսում նույնպես մեր տղաները մեծ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ: Արազ Օզբիլիսի կատարած հարվածից հետո դարպասապահը մեծ ջանքերի գնով չեզոքացրեց վտանգը: Գոլ խփելու մի քանի հնարավորություն կորցրեց Յուրա Մովսիսյանը:
69-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Կանադայի հավաքականի դարպասապահ Քևին Ստամատոպուլոսը բռունցքով ետ մղեց գնդակը. վրա հասած Արտակ Եդիգարյանի հուժկու հարվածից հետո գնդակը ետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից և Մարկոսը խփեց այդ խաղում իր երկրորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ:
91-րդ րոպեին Արթուր Սարկիսովը վաստակեց 11մետրանոց հարվածի իրավունք, որը հստակ իրացրեց Արազ Օզբիլիսը` Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշանավորելով խփած գնդակով:
Այսպիսով` Հայաստան – Կանադա` 3:1:








































