Դերեկ Չիսորայի հետ մենամարտից հետո WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն գերմանական Welt Online պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր ներկայիս առողջական վիճակի մասին, ինչպես նաև նշել է, որ ցանկանում է ևս մեկ մենամարտ անցկացնել Չիսորայի հետ:
«Ես դժգոհ չեմ իմ առողջական վիճակից: Բժշկական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ուսի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ և վիրաբուժական միջամտության կարիք չկա: Լիովին ապաքինվելու համար 6-8 շաբաթ կպահանջվի: Առայժմ չեմ կարող ասել, թե երբ կանցկացնեմ իմ հաջորդ մենամարտը. մեր թիմը զբաղվում է Վլադիմիրի` Մորմեկի հետ կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներով»,- ասել է Վիտալի Կլիչկոն:
Բռնցքամարտիկը մեկնաբանել է նաև Չիսորայի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
«Մենամարտից առաջ կարծում էի, որ Չիսորան լավ մարդ է և նրա արարքներն ընդամենը շոուի բաղկացուցիչներ են: Սակայն այժմ համոզված եմ, որ նա հոգեկան ոլորտի առողջական խնդիրներ ունի: Ես ցանկանում եմ ևս մեկ մենամարտ անցկացնել Չիսորայի հետ և նոկաուտի ենթարկել նրան»,- նշել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնը:








































