Այս օրերին Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 5-13-ը Փարզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կանանց հավաքականը նախապատրաստվում է Աբովյանում, իսկ տղամարդկանց հավաքականը` մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում:
Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կգլխավորի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
Աշխարհի առաջնությունում հանդես կգան` Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը և Նաիրա Հարությունյանը (75+ կգ), Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը (69 կգ), Առաքել Միրզոյանը և Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) և գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ վնասվածքներ են ստացել 85 կգ քաշային կարգում հանդես եկող Արայիկ Միրզոյանը, 85 կգ քաշային Արա Խաչատրյանը, 77 կգ քաշային Գևորգ Դավթյանը, 85 կգ քաշային Տիգրան Վ. Մարտիրոսյանը:
Ավելի վաղ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել էր այն մարզիկների անունները, ովքեր արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել են մինչև 2015 թվականը: Այդ ցուցակում էին նաև մեր հավաքականի ներկայացուցիչներ` 94 կգ քաշային Գևորիկ Պողոսյանի և 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանի անունները: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան բողոքարկեց այդ որոշումը, և պետք է անցկացվի նոր ստուգում` B խմբի անալիզներով: