«Սևան» ֆուտբոլային ակումբը խաղադաշտ դուրս չի գա նոյեմբերի 17-ին նախատեսված Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ մրցավեճում։
Այս կապակցությամբ ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել որում մասնավորապես ասված է․ «Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։ Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»։
Օրեր առաջ «Սևանը» ևս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՖՖ-ին ներկայացնելով մի շարք պահանջներ, որոնք ըստ երևույթին չեն կատարվել։
Նշենք, որ ակումբների կողմից հանդիպումներին չներկայանալը և առաջնությունը լքելը տխուր ավանդույթ է դառնում մեր երկրում։ Նախորդ մրցաշրջանում Հայաստանի առաջնությունը լքել էր Վանաձորի «Լոռին», իսկ 2019/2020 թթ․ մրցաշրջանում Երևանի համանուն թիմը։ Ամենայն հավանականությամբ երրորդ տարին անընդմեջ Հայաստանի առաջնությունը կավարտվի մասնակից թիմերի ոչ լիարժեք կազմով։








































