Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի գրանցած արդյունքը կարելի է համարել ավարտվող տարվա մեր մարզական գլխավոր հաջողություններից մեկը։ Հայաստանի ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հաղթող դարձավ պաշտոնական մրցաշարերում՝ ենթախմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ինչ խոսք, հաջողության գլխավոր «մեղավորը» մեր հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն է, բայց…
Ամփոփելով Հայաստանի ազգային թիմի այս տարվա ելույթները՝ հարկ ենք համարում անդրադառնալ ևս մեկ գործոնի, որ տպավորիչ արդյունքի գլխավոր բաղադրիչը կարելի է համարել։ Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուծեց մեր ազգային թիմի առաջ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը։ Մասնավորապես, ՀՖՖ-ն և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն համաձայնության եկան, ըստ որի՝ 33-ամյա դարպասապահը հայտնվեց մեր հավաքականում:
«Անչափ ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնելու այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը»,- ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Յուրչենկոն:
Վերջինիս խոսքերը վկայում են, որ հայազգի դարպասապահը տարիներ շարունակ երազել էր կրել մեր հավաքականի մարզաշապիկը։ Ու փաստորեն Յուրչենկոյի երազանքը իրականություն դառնալուց զատ՝ իրականություն դարձավ նաև հազարավոր երկրպագուների երազանքը. մեր հավաքականը հաղթեց ընտրական մրցաշարում։ Խմբային փուլի բոլոր հանդիպումներում Յուրչենկոն ցուցադրեց փայլուն խաղ՝ էապես նպաստելով դրական արդյունքներին։ Վստահաբար կարող ենք ասել, որ եթե չլիներ այս դարպասապահը, Հայաստանի հավաքականը դժվար թե նման հաջողության հասներ։ Վստահաբար կարող ենք ասել նաև, որ լեգենդար Ռոման Բերեզովսկուց հետո Հայաստանը նման դարպասապահ չէր ունեցել։
Տարիներ շարունակ ՀՖՖ նախկին ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի, իբրև փորձում էր Յուրչենկոյին դարձնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, բայց… Այո, Յուրչենկոն խաղում էր Ռուսաստանում, և կային խոչընդոտներ՝ կապված լեգեոների կարգավիճակի հետ։ Հիմա արդեն պարզ է, որ Յուրչենկոն իր երազանքն ավելի շուտ իրականություն չի դարձրել ՀՖՖ-ի ոչ այնքան ճիշտ մոտեցման պատճառով։ Այս պահին պատեհ չենք համարում անդրադառնալ նախկինում տեղի ունեցած նեգատիվ զարգացումներին։ Ի դեմս Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականն ունի դարպասապահ, և դա ամենակարևորն է։
Այս տարվա հունվարի սկզբին Դավիթ Յուրչենկոն պայմանագիր էր կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Յուրչենկոն հեռացել է ղազախական թիմից։ Հավանականությունը մեծ է, որ նա կվերադառնա Ռուսաստանի առաջնություն։ Մինչ «Շախտյոր» տեղափոխվելը Յուրչենկոն հանդես էր գալիս ռուսական «Ենիսեյ» ակումբում։ 33-ամյա դարպասապահը ելույթ է ունեցել նաև լատվիական «Մետալուրգում», Մինսկի «Դինամոյում», ռուսական «Կռիլյա Սովետով», «Վոլգար», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի» և «Տոսնո» թիմերում:
Ինչևէ, Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո շուրջ 5 տարի մեր հավաքականի դարպասը պաշտպանել են բազմաթիվ դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Հենրի Ավագյան և վերջապես՝ Արամ Հայրապետյան։ Նրանցից յուրաքանչյուրի հետ հույսեր ենք կապել՝ մեզ համոզելով, որ այնուամենայնիվ ունենք դարպասապահ։ Եղել են հանդիպումներ, երբ թվարկված դարպասապահները փրկել են մեր ազգային թիմին, և բոլորս ոգևորվել ենք։ Իրավիճակը սթափ գնահատելու պարագայում, սակայն, պետք է արձանագրենք, որ վերջին չորս տարում Հայաստանի ազգային թիմը խաղացել է գլխավոր հենասյան բացակայությամբ, առանց թիմի կեսի։ Վերջին 5 տարիներին Հայաստանի հավաքականի ելույթները ընտրական շրջափուլերում կարելի է որակել մեկ բառով՝ վատ։
Անդրադառնանք թերևս 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որտեղ մեր ազգային թիմի ձախողման գլխավոր մեղավորներից էր նաև դարպասապահը։ Հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումներից հետո, երբ վերջնականապես ձախողվեցինք, տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ: Սա միանգամայն տրամաբանական և սպասելի որոշում էր: Երկրպագուների մի մասը վերոնշյալ հավաքականների հետ անհաջող ելույթների գլխավոր մեղավոր էր համարում հենց ազգային թիմի գլխավոր մարզչին, մյուս հատվածն էլ կատարվածի մեջ այլ օբյեկտիվ գործոններ էր տեսնում: Մասնավորապես, այդ երկու հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակելը ոմանք կապում էին թիմի առաջատար խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կարլեն Մկրտչյանի բացակայության հետ: Ինչ խոսք, նշված ֆուտբոլիստների բացակայությունը էապես ազդեց մեր հավաքականի խաղի վրա, բայց այն որևէ կեպ չի կարող արդարացման վեկտոր հանդիսանալ: Բացակա ֆուտբոլիստների բացը պետք է լրացներ գլխավոր մարզիչը, որը չհաջողվեց անել:
Ձախողումը վերլուծելով կամ անհաջողության հետքերով գնալով՝ հարկ ենք համարում խոսել սուբյեկտիվ մի գործոնի մասին, որը, կարծում ենք, «նպաստեց» միավորների կորստին կամ, այլ կերպ ասած, «քաշեց» թե ազգային հավաքականին և թե Արմեն Գյուլբուդաղյանցին: Խոսքը հենց Արամ Հայրապետյանի մասին է: Դարպասում կանգնած մարդուն, ընդունեք, դժվար է անվանել դարպասապահ, եթե նա չի տիրապետում իր մասնագիտության ամենատարրական նորմերին։ Հասկանալի է, որ ֆուտբոլը թիմային խաղ է, և սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց… Բայց ինչքա՞ն։ Նշենք, որ Հայրապետյանից ամենևին էլ լավը չէին մյուս դարպասապահները, որոնք հրավիրվում էին հավաքական: Ժամանակը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլն ուղղակի ի զորու չէ պատրաստելու գոնե միջին կարգի դարպասապահների: Դարպասապահների «շկոլա» չունենք և դա պետք է ընդունենք: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ ազգային հավաքականը միջազգային ասպարեզ պետք է դուրս գա կես թիմով:
Այո, Յուրչենկոն 33 տարեկան է, բայց նրան հրավիրելով՝ ՀՖՖ-ն գոնե մի քանի տարով որոշակիորեն փակեց այն բացը, որը պատուհաս է դարձել ազգային թիմի համար։