Քիչ առաջ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը նոկաուտով պարտության մատնեց մեքսիկացի Սոուլ Ռոմանին և միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտելու իրավունք վաստակեց:
Մարտը շատ ակտիվ սկսեց մեքսիկացի բռնցքամարտիկը և հենց առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց Վանեսին: Այդուհետ հայ բռնցքամարտիկը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և հետագա 3 ռաունդներում գերազանցեց Ռոմանին: 5-րդ և 6-րդ ռաունդներն անցան մեքսիկացու առավելությամբ:
7-րդ ռաունդը նույնպես շատ ակտիվ սկսեց Ռոմանը և մի պահ թվաց, թե ուր որ է Վանեսը կրկին կհայտնվի ռինգի հատակին, սակայն մեր բռնցքամարտիկը ոչ միայն դիմադրեց մրցակցի հարվածաշարին, այլև հակառակ գրոհ ձեռնարկեց ու ռաունդի միջնամասում նոկդաունի ենթարկեց մրցակցին: Սոուլ Ռոմանը կարողացավ ոտքի կանգնել, սակայն դա երկար չտևեց. 7-րդ ռաունդի ավարտից վայրկյաններ առաջ ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը, հակառակ դեպքում մեքսիկացուն բժիշկներն էլ կարող է չփրկեին:
Այսպիսով Վանես Մարտիրոսյանը հոբելյանական 30-րդ մենամարտում տարավ 30-րդ հաղթանակը և կրկին նրա անվան դիմաց կգրվի ցայժմ անպարտելի: