Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին «Վուլվերհեմփթոն»-ից կրած պարտությունից հետո զայրացած է ոչ թե ֆուտբոլիստների, այլ ինքն իր վրա:
«Չէի հասկանում, թե ինչու նրանք չէին անում այն, ինչի մասին խոսել էինք մինչ այդ: Ես զայրացած եմ ոչ թե ֆուտբոլիստների, այլ ինքս ինձ վրա: Առաջին հերթին պետք է լուծում գտնենք մեր խաղի համար: Երբ հաղթում ենք, հաղթում ենք միասին, երբ պարտվում ենք, նորից պարտվում ենք միասին»,- ասել է էմերին:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության դեռևս 31-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Վուլվերհեմփթոն» և «Արսենալ» ակումբները: «Զինագործները» պարտվեցին «Վուլվերհեմփթոն»-ին 1։3 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Արսենալ»-ը նահանջեց մրցաշարային աղյուսակում և հիմա միայն 5-րդ տեղում է: