Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ակումբի պաշտոնական ամսագրի հերթական համարում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Վիլիանի, Մխիթարյանի և Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո շատերը կարծում էին, որ ակումբը տապալվելու է: Բայց դա այդպես չէ: Առաջին դեպքը չէ, որ մենք առանցքային խաղացողներ ենք կորցնում, բայց ամեն անգամ նրանց երիտասարդ փոխարինողներ են գալիս:
Չպետք է մոռանալ, որ Մխիթարյանը մեր ակումբ տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»-ից, որը միջակ ակումբ է Ուկրաինայի առաջնությունում: Մեծ բավականություն էի ստանում ոչ միայն նրա խաղից, այլև մարդկային որակներից:
Ի դեմս Մխիթարյանի՝ տեսնում էի թիմի իսկական առաջատարի: Ես չէի սխալվել: Նա զգալիորեն կատարելագործեց որակները «Շախտյոր»-ում և իր նվաճումներով օգնեց թիմին:
Նա ցանկանում էր խաղալ ավելի հզոր առաջնությունում: Մենք միշտ նրա հետ ենք: Մխիթարյանը մեր եղբայրն է: Միաժամանակ պետք է նշեմ, որ մենք մոռանում ենք թիմից հեռացած խաղացողներին ու դրսևորվելու հնարավորություն ենք տալիս նորեկներին:








































